Փութացող է Նա կենդանություն տալ
Իսկ եղանակը Խնամարկուի վե՛ր է ավելի, քան սահմաններն են մտքի կշռույթի, որ հրեշտակներն ու մարդիկ ունեն, և եթե բյուր հեղ սահմանն իմ չափի դնեմ և կրկնեմ՝ չե՛մ լինի չափած, որովհետև որ՝ անբովանդակի Բարերարելն է հա՛ր անճառելի: Որովհետև, երբ՝ Սուրբ Երրորդության Մեկ Անձի կողմից Օրհնվա՛ծ է Նա՝ Օրհնաբանվա՛ծ է մյուսի կողմից, Ինքն էլ համագո Երրորդությունից երկիր առաքվեց, և ի հաճություն Առաքչի կամքի՝ մեռա՛վ մեզ համար, Մյուս Երկուսը մեծ հավանությամբ ու բաղձանքներով օրհնո՛ւմ են, մաղթո՛ւմ՝ Իրենց Համագո Կամքը Գործողին: Եվ Համաբարո Միակամությամբ Երեքով Նրանք ներգործում են մեզ միևնո՛ւյն բարին. կենդանությունը Հոգուց է բխում և բանականը ծագում է Բանից, պայծառությունն է ծագում փառքերից և կերպարանքն է Իր էությունից:
Փութացո՛ղ է Նա կենդանություն տալ, ողորմությունն Իր անում է՝ սթա՛փ, փրկության համար Ձեռքն Իր մեկնելու՝ միշտ Կա՛զմ ու Պատրաստ, առատությամբ՝ հո՛րդ, հաճախության մեջ՝ Զեղո՛ւն Քաղցրությամբ, անբավությամբ՝ լի՛, և փարթա՛մ է Իր Աննվազությամբ, Երկարմտությամբ՝ ճո՜խ, համբերատա՜ր, և Անհասությամբ՝ Բարձրյա՛լն է Նա՝ Մե՛կ Երրորդությամբ Կատարելագո՛ւյն, Երեք Անձերով՝ հավիտյա՜նս Օրհնյալ: Ամէ՛ն:
Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի
Նարեկից