30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի կառավարությունն էական ջանքեր է գործադրում փախստականներին օգնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պալերմոյում մասնակցեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովին։

Համաժողովը, որին ներկա էին ԵԱՀԿ մասնակից և գործընկեր երկրների արտգործնախարարներ ու բարձրաստիճան պատվիրակություններ, կազմակերպել էր Իտալիան, որը հաջորդ տարի ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը։

Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց. «Քաջ հայտնի է, որ ԵԱՀԿ տարածքի և Միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված է, և վերջին զարգացումները կրկին անգամ ապացուցում են այս իրողությունը։ Միգրանտների և փախստականների աննախադեպ մեծ արտահոսքը Միջերկրածովյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից, հատկապես Սիրիայից և Իրաքից, տարածաշրջանային սերտ համագործակցության անհրաժեշտություն են առաջացնում՝ ուղղված անվտանգության հետ կապված այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են, ի թիվս այլոց, ահաբեկչության դեմ պայքարը, թրաֆիքինգի կանխարգելումը, փախստականների նկատմամբ պատշաճ վերբերմունքը և այլն։»

Անդրադառնալով վերջին տարիներին փախստականներին ապաստան տրամադրելու Հայաստանի փորձին` ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասաց. «Միայն Սիրիայից Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 փախստականների` այդպիսով դառնալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա մի շարք խնդիրների առջև կանգնեցրեց մեր երկիրը, որը մոտ անցյալում արդեն իսկ հարյուր հազարավոր փախստականներ էր ընդունել Ադրբեջանից։ Սիրիահայ փախստականներից շատերը ժառանգներ են նրանց, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան էին գտել Սիրիայում: Հարյուր տարի անց նրանք կրկին ստիպված են թողնել իրենց բնակության վայրերը: Հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական և ընդունել փախստականների:

Հայաստանի կառավարությունն էական ջանքեր է գործադրում փախստականներին օգնելու և նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ: Փախստականներին տրամադրվում է լայն աջակցություն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կացության իրավունքի ստացման արագացված գործընթացը, քաղաքացիության ընդունման դյուրացումը, բուժօգնությունը, կեցության հասանելիությունը, կրթաթոշակները, պարզեցված ընդունելությունը կրթական հաստատություններում և մուտքը աշխատաշուկա, ճկուն հարկման մեխանիզմները և գրավիչ գործարար միջավայրը: Շնորհակալ ենք Հայաստանին տրամադրված որոշակի միջազգային աջակցության համար և ակնկալում ենք այս առումով շարունակական համագործակցություն»:

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը նաև փորձել է աջակցության ձեռք մեկնել Սիրիայում օգնության կարիք ունեցողներին՝ տրամադրելով շարունակական մարդասիրական օգնություն։ Նախարարը հիշեցրեց, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է, որը, չնայած բարդ պայմաններին, երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը:

Խոսելով միգրատների և փախստականների մեծ հոսքերին արձագանքելու կարևորության մասին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց. «Անկասկած, միգրանտների և փախստականների մեծ հոսքերին համապարփակ արձագանքելու համար անհրաժեշտ է պայքարել այս երևույթի սկզբնաղբյուրների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը և ինքնության հողի վրա իրականացվող հանցագործությունները: Հայաստանը ԵԱՀԿ-ում առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնեց այս հարցը և հանդես եկավ այս առնչությամբ ԵԱՀԿ հանձնառություններն ամրապնդելու նախաձեռնությամբ: Ահաբեկչության վերաբերյալ Համբուրգի նախարարական հռչակագրում ամրագրված ԵԱՀԿ հանձնառություններից են անհատների և համայնքների, ներառյալ կրոնական հողի վրա իրականացվող, հալածանքների դատապարտումը, ահաբեկչական գործողությունների մասնակիցներին պատասխանատվության ենթարկելը, օտար վարձկանների, զենքերի և ահաբեկչական գործունեության հետ կապված ֆինանսների անդրսահմանային տեղաշարժի կանխարգելումը: Համոզված ենք, որ այս ուղղությամբ ԵԱՀԿ ջանքերը պետք է շարունակվեն»:

Ընդգծելով Հայաստանի շարունակական հանձնառությունը ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության բնագավառում Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ ս.թ. նոյեմբերի 22-ին Երևանում կայանալու է «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հողի վրա հանցագործությունների հակազդեցություն և կանխարգելում» ԵԱՀԿ համաժողովը: Միջերկրածովյան մեր գործընկերներին ենք հրավիրում նաև մասնակցելու ու ներդրում ունենալու այս միջոցառմանը»։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ