«Այդ սցենարը նախատեսվում էր Ռոբերտ Քոչարյանի գնալուց հետո, բայց չաշխատեց»
«Այս հանրաքվեն, նախագահական մոդելից պառլամենտականի փոփոխությունն ուներ մեկ նպատակ, այն էր, որ Սերժ Սարգսյանի համար հնարավոր չէր 2-3-րդ անդամ ընտրվել, և ինքը չուներ թեկնածու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա՝ եթե առաջին ու երկրորդ նախագահների ժամանակ եղել են հստակ թեկնածուներ, այս անգամ չկան:
Հարցին, թե 2018 թվականը չի կարող արդյոք ընդդիմության համակար օրակարգ դառնալ, նա պատասխանեց. «Այս համակարգը թույլ չի տվել, որ թեկուզ հենց «Հանրապետական» կուսակցությունում որևէ մեկն աճեր ու դառնար պետության լիդերի մակարդակի մարդ: Նույնիսկ հայտնի ՀՀԿ-ականներն ասում են, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: 2018 թվականն ունի մեկ սցենար՝ Սերժ Սարգսյանը մնալու է պետության ղեկավար: Եթե ինքը գտնի, որ հնարավոր է դա անել՝ նստելով Մելիք Ադամյանի գրասենյակում, կորդինացնել, իշխել, այդպես կանի: Բայց ես այսօր դա չեմ տեսնում որպես գործող ռեալիզմ, ինձ թվում է՝ ինքն էլ չի տեսնում»:
Հովհաննես Իգիթյանն ընդգծեց՝ Հայաստանում «մեդվեդև» չկա. «Եթե Պուտինը կարողացավ գտնել մեկին, որ ասեր՝ ահա դու մի քիչ ցույց կտաս, որ նախագահ ես, հետո ես կգամ, Հայաստանում այդ հարցը չի ստացվել: Այդ սցենարը նախատեսվում էր Ռոբերտ Քոչարյանի գնալուց հետո, բայց չիրականացավ: Իմ կարծիքով՝ դրա պատճառներից մեկը «մարտի 1»-ն էր, մյուսը՝ իրենց ֆինանսական-տնտեսական որոշ պայմանների խախտումները»:
Դիտարկմանը, թե հենց սա կարող է ընդդիմության համար օրակարգ դառնալ, նա արձագանքեց. «Ընդդիմությունը օդից չի ծնվում, այն ծնվում է հասարակության աջակցությունից ու պահանջից, այսօր այդ ամենակարևորը չկա»: