Շնորհակալություն քեզ, կին
« Շնորհակալություն քեզ, Կին-Մայր, որ նվիրվում ես որպես մարդկային էակ ծնող արգանդ, եզակի այդ փորձառության բերկրանքի ու ցավակրության մեջ, որով դառնում ես Աստծո ժպիտը լույս աշխարհ եկող քո մանկան համար, դառնում ես նրա առաջին քայլերի առաջնորդը, նրա աճման հենարանը, նրա կյանքի ողջ ընթացքը լուսավորող փարոսը։
Շնորհակալություն քեզ, Կին-Հարս, որ անվերադարձ կերպով միավորում ես քո ճակատագիրը մի տղամարդու, փոխադարձ նվիրման հարաբերությամբ, ի ծառայություն հաղորդության և կյանքի։
Շնորհակալություն քեզ, Կին-Դուստր և Կին-Քույր, որ ընտանեկան օջախից ներս և հետո հասարակական կյանքի զանգվածի մեջ ներդնում ես հարստությունը քո զգայունության, քո ներիմացության, քո վեհանձնության, և քո հարատևության։
Շնորհակալություն քեզ, Կին-Աշխատողուհի, որ գործի ես լծված հասարակական, տնտեսական, մշակութային, արվեստագիտական, քաղաքական կյանքի բոլոր բնագավառներում, այն անփոխարինելի նպաստի համար, որ տալիս ես կերտման գործին մի մշակույթի, որն ընդունակ կլինի համատեղելու բանականությունն ու զգացմունքը. կերտման գործին կյանքի վերաբերյալ մի հասկացողության, որը միշտ բաց կլինի «խորհրդի» զգացողությանը. կերտման գործին տնտեսական և քաղաքական այնպիսի համակարգերի, որոնք հարուստ կլինեն մարդկայնությամբ։
Շնորհակալություն քեզ, Կին-Միանձնուհի, որ ամենամեծ Կնոջ՝ Մարիամի, Քրիստոսի՝ մարմնացած Խոսքի Մոր օրինակին հետևելով՝ հնազանդությամբ ու հավատարմությամբ բացվում ես Աստծո սիրո դիմաց, Եկեղեցուն և ողջ մարդկությանն օգնելով ապրել Աստծո հետ հոգևոր «հարսնային» հարաբերություն, որն հիանալի կերպով արտահայտում է այն հաղորդության էությունը, որը Նա կամենում է հաստատել Իր արարածներից յուրաքանչյուրի հետ։
Շնորհակալություն քեզ, ո՜վ Կին, հենց զուտ այն բանի համար, որ կին ես։ Այն զգացողությամբ, որը բնորոշ է քո կանացիությանը, դու հարստացնում ես աշխարհի ընկալումը և նպաստում ես մարդկային հարաբերությունների ամբողջական լուսավորմանը ճշմարտության լույսով »։
Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապ (1920-1978-2005)