28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ քառորդ դարի ընթացքում երկու երկրները զարգացրել են բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն են ծավալում տարբեր ոլորտներում: 

Արա Բաբլոյանն ընդգծել է, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն իր կարեւոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում: Ըստ ՀՀ խորհրդարանի ղեկավարի՝ հայ-լեհական միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում կարեւոր նշանակություն կարող է ունենալ խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջեւ կապերի ակտիվացումը: Պարոն Բաբլոյանի համոզմամբ՝ Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանականների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ հարթակներում:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամության ապացույցը Լեհաստանում հայերի դարավոր կենսագործունեությունն է, որի ընթացքում հայերն իրենց դրսեւորել են լավագույն կողմերով: Այսօր Լեհաստանում ապրում է շուրջ 25 հազար հայ: Պարոն Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի հանդեպ լեհական իշխանությունների դրական վերաբերմունքի համար:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, նշել է, որ ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին մարդկային կյանքի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության վերաբերմունքը:

«Խոր ցավով տեղեկացա, որ Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից երեկ սպանվել է 19-ամյա հայ երիտասարդ: Մենք՝ բժիշկներս, մեկ ժամ առաջ ծնված երեխային ժամերով վիրահատում ենք, լիարժեք ապաքինման համար ամիսներ շարունակ խնամում եւ մեզ համար անհասկանալի է, թե ինչպես մի քանի րոպեում կարելի է բազմաթիվ մարդկանց կյանքեր խլել այն պատճառով, որ չեն ցանկանում խնդիրը լուծել խաղաղությամբ»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկին, շնորհակալություն հայտնելով այցելության համար, վստահեցրել է, որ համագործակցությունը խորհրդարանական ձեւաչափում լավագույնս կշարունակվի: Սեյմի մարշալեկը գոհունակությամբ է խոսել այն մեծ ավանդի մասին, որ ունեն հայերը Լեհաստանում: Նրա խոսքով՝ հայերը լեհերի բարեկամներն են, ինչի վառ ապացույցն է նաեւ երեկ Սենատում ընդունված պատմական բանաձեւը:

Կողմերը քննարկել են նաեւ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ուղղություններով զարգացնելու կոնկրետ ծրագրեր:

ՀՀ ԱԺ նախագահը Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկուն հրավիրել է Հայաստան: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ