Քնելուց առաջ աղոթենք եւ խորհենք
Ընկա՛լ, կեցո՛ և ողորմեա՛, և պահեա՛ զմեզ, Տեր,
Քոյին շնորհիւդ:
Մենք ազատ ենք մեր բոլոր քայլերում.
Հայրերը ասում են, որ տարբերություն կա հարկադրված մեղք գործելու և ազատ կամքով մեղք գործելու միջև: Առավել վտանգավոր է առանց հարկադրանքի մեղք գործել, երբ ստիպված չես, ազատ ես և կարող ես չանել բայց անում ես, որովհետև քեզ հաճելի է թվացել այդ պահին: Ազատ կամքով մեղք գործելու ժամանակ է, որ առաջին անգամ մենք ձեռք ենք մեկնում սատանային, նրա հետ համագործակցելու համար: Հետո ժամանակի ընթացքում դառնում է վատ սովորություն և ակամայից դառնում ենք սատանայի ձեռքի գործիքը, այդ ժամանակ ինքն է մեղք գործել տալիս, և մենք սկսում ենք դժգոհել կյանքից:
Կյանքի մասին դատողություններ կարող է անել միայն նա, ով զգում է կյանքի համը ամեն օր:
Դրամ չունենալ դեռ չի նշանակում, թե կյանքը տխուր է,
Հարուստ լինել, ընդհանրապես չի նշանակում, թե կյանքը ուրախ է …
Իսկ կյանքը համով է, երբ Աստված մեր մեջ է բնակվում, իսկ մենք` Աստծո: Ուրեմն կյանքի մասին դատողություններ անելիս էլ չասենք թե` «էս ինչ կյանք է, կյանք չկա, կյանքը տխուր է, կյանքը մեռած է, երբեմն էլ ասում ենք կյանքը դաժան է կամ դժոխք է»:
Իրականում կյանքը այնպիսին է, ինչպիսին մենք ուզում ենք տեսնել: Կամ մենք մեր աչքերով, կամ Աստված մեր հոգու աչքերով:
Ծովիկ Դավթյան