Պոռթկումներ կլինեն

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը գտնում է, որ մի քանի պատճառ կա, որոնցով պայմանավորված ընտրություններից մինչև հիմա քաղաքական ուժերը խորը նիրհի մեջ են: «Ամենակարևորն, իմ կարծիքով, հասարակության կողմից վերաբերմունքն է, հուսահատությունը, հավատի կորուստը, աայս կամ այն քաղաքական ուժի հետ իր ապագան չկապելը: Սա, իհարկե, շատ մեծ դեր ունի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Երկրորդ պատճառն, ըստ նրա, այն է, որ խորհրդարանական համակարգ ասվածը որևէ կապ չունի մեր խորհրդարանականների հետ: «Վերջին համակարգը, որը կոչում են ժողովրդավարական բարեփոխում, խորհրդարանական համակարգ, որևէ կապ չունի պառլամենտարիզմի հետ: Վերցնենք վերջին ընտրությունները. այս ընտրությունների ժամանակ որևէ քաղաքական դեբատ, դիսկուրս կամ քաղաքական պայքար չի եղել, եղել է հարուստ առևտրականների կամ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործողների պայքար: Եվ նույնիսկ, պայքարն ավելի թեժ է եղել նույն կուսակցության անդամների միջև, նկատի ունեմ «Հանրապետական», քան ՀՀԿ-ի և ընդդիմադիրների:
Սա է այդ համակարգը, և այս համակարգում, որքան էլ ուզենք կամ չուզենք, Արտակ Սարգսյանների նման մարդիկ ավելի մեծ հնարավորություն ունեն հայտնվել պառլամենտում: Սա ամենալավ օրինակն է ցույց տալու, որ մարդը, ով չունի ոչ մի քաղաքական ամբիցիա, հասարակության շահերից տեղյակ չէ,ստանում է 20 հազար ու հայտնվում պառլամենտում: Նման մարդկանց համար է ստեղծվել համակարգն, իսկ այստեղ քաղաքական ուժերին շատ դժվար է աշխուժացնել, հատկապես այն ժամանակ, երբ հասարակությունը ոչ թե չի ուզում ընդդիմադիրներին, այլ կտրվել է ամենակարևոր հարցից՝ իշխանություն ձևավորելու իր իրավունքից»,-նշեց նա:
Հարցին, թե արդյոք հասարակությունն է լիովին սպառել իրեն, թե միգուցե ընդդիմությունը նորմալ օրակարգ չի ներկայացնում,Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ միայն կապված է լիդերներից կամ քաղաքական գործիչներից, թեպետ, իրենց վարվելակերպի հարցն էլ կա: Շատ հաճախ քաղաքական իրավիճակն է ծնում քաղաքական գործիչների, մեզ մոտ միայն վերջին մի քանի տարում նոր քաղաքական գործիչներ են ծնվել: Հարցն օրակարգը չէ, քանի որ օրակարգը բխում է քաղաքական իրավիճակից»:
Նա հավելեց, որ հասարակությունն ունի իր սպասելիքները, սակայն դրանք այսօր որևէ մեկը չի իրականացնում: ««Ելք»-ը փորձում է ինչ-որ ձևով, իր տեսակետից հասկանալով ասել, թե հասարակության համար ինչն է լինելու առաջնահերթ, բարձրացնել, բայց հասարակություն-քաղաքական ուժ կապը, որը պետք է ներկայացնի խորհրդարանում, գոյություն չունի: Ընդհանրապես ՀՀ-ում, ցանկացած երկրում խնդիրն այն է, երբ հասարակության մեջ տրամադրությունները, սպասելիքները, սկզբունքներն համամասնորեն արտացոլված չեն խորհրդարանում:
Խորհրդարանը հասարակության տարբեր շերտերի բախումն է, սովորաբար դա լինում է սոցիալական շերտավորման ձևով, իսկ ՀՀ-ում այդպես չէ, քանի որ մեզ մոտ մի կուսակցությունը ժամանակին կարող էր ունենալ և՛ ամենահարուստին, և՛ ամենաաղքատին: Այս իրավիճակում սպասել, որ լիդեր ծնվի, հնարավոր չէ, բայց ես չեմ բացառում պոռթկումները»,-եզրափակեց նա: