21-րդ դարում նման տրանսպորտով երթեւեկելը նվաստացուցիչ է
Երեւանում քաղաքային տրանսպորտը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այդ մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը։ Նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 668 ավտոբուսից միայն 25-ի մեջ են տեղադրված վերելակներ, որոնցից սակայն միայն 7-ն է շահագործվում։
«Հավաստիացրել են, որ սեպտեմբերին գոնե 25 ավտոբուսների վերելակները կաշխատեն, կշահագործվեն, սակայն, այս թիվն այնքան չնչին է, որ որեւէ դրական փոփոխություն չի կարող բերել»,-ասաց նա։
Բանախոսը նշեց, որ 41 ավտոբուսային երթուղիներից 3-ում ունենք հատուկ կարիքավորների համար հարմարեցված ավտոբուսներ: Տաքսիներն ընդհանրապես հարմարեցված չեն։
«Երևանում նման մեկ տաքսի կա: Խնդիր է նաեւ չվացուցակների բացակայությունը, կանգառների անմատչելիությունը, հաճախ կանգառասրահների բացակայությունը: Անհրաժեշտ է, որպեսզի վերելակներով կահավորված ավտոբուսների վերաբերյալ չվացուցակներ տեղադրվեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող քաղաքացին իմանա, թե որտեղից կարող է այդ ավտոբուսներից օգտվել»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ նշեց, որ Երևանի քաղաքապետարանը 840 հազար եվրո է վճարել բրիտանական կազմակերպությանը՝ խորհրդատվություն ներկայացնելու քաղաքային տրանսպորտի բարելավման ուղղությամբ:
«Սակայն պարզվում է՝ դա ընկերություն չէ, այլ ընդամենը մեկ մարդ, ով մշտապես շտապում է Լոնդոն և ոչ մի կերպ չի լինում հանդիպել նրա հետ, քաղաքային տրանսպորտին առնչվող հարցեր քննարկել»,- ասաց նա՝ նշելով, որ նվաստացուցիչ է, որ 21-րդ դարում մարդը երթեւեկում է այնպիսի տրանսպորտով, որով հիմա մենք։
«Այսօր երթուղայինում ողնաշարը ծալած երեխան չի կարող վաղը Հայաստանի արժանապատիվ քաղաքացի լինել»,- ասաց նա։
Բանախոսը նշեց, որ ոլորտում իրավապայմանագրային ձեւերը պետք է վերանայվեն:
«ԲԲԸ-ի պետք է վերակազմավորել, որտեղ մասնաբաժիններ կունենան եւ քաղաքային իշխանությունը եւ գծատերերը: Այդպիսով կողմերը շահագրգիռ կլինեն որակի բարելավման հարցում: