16 հազար դրամ տուգանք` մեքենայից աղբ նետելու համար (տեսանյութ)
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ, երբ հավանություն էր տրվում «Մաքուր Հայաստան» ծրագրին, տեսակետ հայտնեց, որ մեզ մոտ քաղաքը, երկիրը մաքուր պահելու մշակույթ չկա:
«Այս արտահայտությունը վերաբերում էր նրան, որ ցավում եմ, որ նախկինում չենք ձևավորել այն մշակույթը, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա, որ մեքենայից դատարկ շիշ չի կարելի շպրտել, որ Սևան-Երևան մայրուղու կամ Ապարան գնացող ճանապարհի մոտ, որևէ գնում անելուց հետո չի կարելի այդ տոպրակը շպրտել»,-այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում իր այս տեսակետն այսպես մենկաբանեց ինքը նախարարը:
Շարունակելով նա նկատեց, որ յուրաքանչյուր շաբաթ մաքրում են այդ տարածքները, բայց նորից աղբի կուտակումներ են հայտնվում: «Սա գալիս է նրանից, որ մենք դաստիարակչության նորմեր չենք ձևավորել դպրոցից, ընտանիքից, իհարկե, բոլորին սա չի վերաբերում: Մեր թիվ մեկ խնդիրը դա է դառնալու, թե ինչպես մտցնել այս մշակույթը, որ բնությունը պահեն, ոչ թե աղտոտեն»,-հավելեց նա:
Դիտարկմանը, թե աղբամաններ չկան հաճախ, նախարարն արձագանքեց, որ նույնիսկ այդ դեպքում ինքը կարող է շիշը կամ աղբը մեքենայում պահել այնքան ժամանակ, մինչև որ աղբաման հայտնվի ճանապարհին: «Բայց աղբամանների մեծ կարիք ունենք երկրում ու հաջորդ տարի մոտ 10 հազար աղբաման ենք գնելու, ավելացնելու ենք այն տարածքներում, որտեղ բաց են, մշակութային, եկեղեցական օբյեկտներում, զբոսաշրջային վայրերում»,-ասաց նա:
Նաև քարոզչություն է տարվելու, հոլովակներ են պատրաստվելու, գլխարկներ, բաժակներ են պատրաստվելու յուրաքանչյուր մարզի, սակայն սրանց համար պետական միջոցներից ծախսեր չեն արվելու: Դիտարկմանը՝ վարչապետը հանձնարարել էր տուգանք սահմանել աղբը թափելու համար, նախարաը նշեց, որ նման օրենք են փոխանցել ՀՀ արդարադատության նախարարություն։ «Այն բավականին կոշտ վարչական պատիժներ է սահմանում մեքենայից աղբ նետելու, մեքենայից ծխախոտի մնացորդ նետելու համար նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հանսում է մինչև 200-300 հազար դրամի չափի»,-ասաց Դ. Լոքյանը։