« Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել»
«Այդ խնդիրը՝ հայ-ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվելյուցիա» հաղորդմանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով Ադրբեջանին ռուսական կողմից զենք վաճառելուց։ «Այդ հարցն իմ կարծիքով ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ կան հանգամանքներ, և, միգուցե, այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։
Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար»,-հավելել է նախագահը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու կամ նվազեցնելու վերաբերյալ դիտարկումներին, ապա նախագահը նշել է, որ «դրանք ծայրահեղ վտանգավոր խոսքեր են և ծայրահեղ բարդ իրավիճակում կարող են ստեղծվել»։
«Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք․ Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն էսպես գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք էսպես թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»,-հավելել է ՀՀ նախագահը։
Խոսելով ՀԱՊԿ-ից նախագահն ասել է. «ՀԱՊԿ-ը և նրա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անձամբ մշտապես արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին և արձագանքել է շատ կոշտ: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը ավելի պասիվ դերակատարություն պետք է ունենա շփման գծի հետ կապված իրադարձությունները մեկնաբանելիս, որովհետև, այնուհանդերձ, նրանք ունեն դիրքորոշում, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են, պաշտպանական բանակն է և ոչ թե հայկական բանակը»:
Նախագահի գնահատմամբ՝ որպեսզի ՀԱՊԿ-ի գործողությունների մասին կարողանանք ամբողջական պատկերացում ունենալ պետք է ուսումնասիրենք ՀԱՊԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերը, հայտարարությունները:
«Անցյալ տարի Երևանում ունեցանք ՀԱՊԿ-ի գագաթաժողով, խնդրում եմ, վերցրեք և նայեք, թե ինչպիսիս բանաձև է ընդունել այդ գագաթաժողովը: Էմոցիոնալ կողմը շատ կարևոր է: Ես շատ լավ դա հասկանում եմ, բայց կարևորը էությունն է: Իր էության մեջ ՀԱՊԿ-ը երբևէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին»,-նշել է Սերժ Սարգսյանը: