«Սասնա ծռեր»-ը տեռորիստներ չեն. նյարդերը չի հերիքել ընդամենը
«Իշխանությունները շարունակում են իրենց տարերքի մեջ մնալ: Նույն վիճակն էր մինչև «Սասնա ծռեր»-ի ՊՊԾ գունդը գրավելը ու նույն վիճակը շարունակվում է հիմա: Ոչ մի բան երկրում դեպի դրականը չի փոխվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, այսօր՝ հուլիսի 17-ին, «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելուց մեկ տարի հետո անդրադառնալով կատարվածին, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը:
Սարուխանյանը չի հասկանում, թե ինչ իմաստ ուներ «Սասնա ծռեր»-ի դատավարությունը երկու մասի բաժանելը.«Հետո առանձին-առանձին «կռված տղերքին ծեծելը»:
Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ կատարվածը չի կարելի ահաբեկչություն որակել. «Սա տեռորիզմ չէր միանշանակ: Ցանկացած սպանություն ունի իր պատճառահետևանքային կապը, ասենք՝ խանդի հողի վրա է, կամ ինքնասիրությունն է վիրավորված: Այս մարդիկ էլ պատճառ ունեին այդ քայլին դիմելու համար: Նրանք չեն մտել ու մեկ միլիոն պահանջել՝ ասենք: Նրանք փորձել են անօրինակության դեմ գնալ: Ուղղակի տեսնելով երկրի վիճակը՝ գնացել են այդ քայլին ու հետևանքների մասին չեն մտածել: Նյարդերը չի հերիքել ընդամենը: «Սասնա ծռեր»-ի արարքը հետևանք է, որը ուներ պատճառ: Էս մարդիկ էտ ձևով ասեցին՝ թողեք ժողովուրդը ապրի իր երկրում»,-եզրափակեց Գագիկ Սարուխանյանը:
Հիշեցնենք, որ 31 հոգուց բաղկացած զինված խումբը Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածք ներխուժեց հունիսի 17–ի առավոտյան։
Հարձակումն, ըստ նախաքննական մարմնի, կատարվել է «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարով, որով գործում որպես մեղադրյալ ներգրավված անձինք կոտրել են դարպասներն ու կից պարիսպը։ Ապա «իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգներով» «բռնություն գործադրելով գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ներխուժել են գնդի տարածք»` պատանդ վերցնելով ու պահելով ոստիկանության աշխատակիցներին և բուժաշխատողներին:
Կազմակերպված խմբի անդամներին միանալու փորձ են կատարել Վարդգես Գևորգյանն ու Մանվել Աթոյանը: Երկու շաբաթ շարունակ խմբի անդամները չէին հանձնում շենքը։ Հունիսի 20–ին, ժամը 20։00–ին գրաված գնդի տարածքում մնացած խմբի 20 անդամները վայր դրեցին զենքը և հանձնվեցին իշխանություններին։
Գրավման ընթացքում սպանվել էր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, մեկ ամիս անց` ուշքի չգալով մահացավ նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանը։ Հունիսի 30–ին դիպուկահարը սպանեց ոստիկանության զորքերի ծառայող Յուրա Տեպանոսյանին։ «Սասնա ծռեր» խումբը պատանդ էր վերցրել 11 մարդու, սկզբում` ոստիկանության յոթ ծառայողի, հետո` շտապօգնության չորս բուժաշխատակիցների։ Վերջին երկու բժիշկներն ազատ արձակվեցին հունիսի 30-ի լույս 31 գիշերը։