Մի հեռախոսազանգը փրկում է սիրահարված կնոջն ինքնասպանությունից. «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը` Երևանում
«Ոսկե ծիրան» փառատոնային երրորդ օրը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում վարպետության դաս անցկացրեց կինոռեժիսոր Իլդիկո Էնյեդին: Այնուհետև ռեժիսորը «Ոսկե ծիրան»-ի «Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսատեսի դատին հանձնեց իր «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը:
Ցուցադրությունից առաջ ռեժիսորը կիսվեց իր տպավորություններով` շատ հուզված էր. «Այս դահլիճը լի է պրոֆեսորներով, և ես էլ մի քիչ հուզվում եմ: Այս ֆիլմն առաջին հերթին վայելելու, հաճույք ստանալու համար է, այնպես որ վայելեք»,-ասաց նա:
Ֆիլմը այս տարվա Բեռլինի կինոփառատոնին «Ոսկե արջ» մրցանակի է արժանացել:
Ֆիլմի մասին նկարագրություն անելիս ռեժիսորն ասաց, որ գերզգայուն ֆիլմ է նկարել և երբեւէ նման գերզգայուն ֆիլմ չի ունեցել: «Ընդհանրապես կինո նկարելը քրտնաջան աշխատանք է, ի վերջո կինոյում մնում են միայն նվիրյալները»:
«Ոսկե արջ»-ին արժանացած ֆիլմը պատմում է մի զույգի մասին, որը «բացահայտում է իր զգացմունքների և ֆիզիկական ցանկության աշխարհը, սկզբից առանձին-առանձին, հետո միասին»: Ֆիլմի գործողությունը կատարվում է Բուդապեշտի սպանդանոցում, որտեղ «մի գեղեցիկ սիրո պատմություն է ծավալվում»:
Ռեժիսորը հետաքրքիր եղանակ է գտել` ներկայացնելու հերոսների զգացմունքները: Նախ առաջին տեսարանում տեսնում ենք երկու եղջերու, սկզբից անհասկանալի է մարդկանց և կենդանիների համադրությունը: Սակայն երբ սպանդանոցում տեղի ունեցած դեպքերից մեկի պատճառով բոլոր աշխատակիցները սկսում են հարցաքննվել, պարզ է դառնում, թե ինչ են խորհրդանշում եղջերուները:
2 ինտրովերտ մարդ պատահականորեն պարզում են, որ ամեն գիշեր նրանք տեսնում են նույն երազը` եղջերուներին: Նրանք շփոթված են, թերահավատ, մի քիչ վախեցած: Երբ նրանք տատանվելով ընդունում են այս տարօրինակ զուգադիպությունը, փորձում են օրը ցերեկով կրկնել այն, ինչ տեղի է ունենում իրենց երազում:
Իհարկե, քիչ է մնում, որ գլխավոր հերոսուհին, ով ֆիզիկական հաղորդակցության հետ խնդիր ունի, ինչի համար հոգեբանի է հաճախում, ինքնասպանություն գործի, սակայն մի հեռախոսազանգը փրկում է նրա կյանքը…
Ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդրա Բորբեյը, Գեզա Մորչանին, Ռեկա Տենկին, Զոլտան Շնայդերը:
Հավելենք, որ ֆիլմի ռեժիսորը կարիերան սկսել է որպես կոնցեպտուալ և մեդիա արվեստագետ: Անդամակցել է «Ինդիգո» արվեստի խմբին և «Բելա Բալաշ» ստուդիային, որը մինչև 1989-ը Արևելյան Եվրոպայի միակ անկախ կինոստուդիան էր: Հետագայում տարվել է ռեժիսուրայով` իր սցենարների հիման վրա նկարահանելով հինգ խաղարկային և բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմեր, որոնք նրան քառասունից ավելի միջազգային մրցանակներ են բերել: Էնյեդիի «Իմ 20-րդ դարն» ընդգրկվել է բոլոր ժամանակների տասներկու լավագույն հունգարական ֆիլմերի թվում, իսկ New York Times-ը ֆիլմը համարել է տարվա տասը լավագույն կինոնկարներից մեկը: 1989-ին Ինյեդին արժանացել է նաև Կաննի ՄԿՓ-ի «Ոսկե կինոխցիկ» մրցանակին: Որպես ռեժիսոր ստացած պարգևներից բացի, մրցանակների է արժանացել նաև որպես սցենարի հեղինակ (Մեծ մրցանակ Հարթլի Մերիլ սցենարական միջազգային մրցանակաբաշխությունում եվրոպական լավագույն սցենարի համար): Վարպետության դասերով հանդես է գալիս Եվրոպայում (Շվեյցարիա, Լեհաստան) և դասավանդում Բուդապեշտի կինոյի և թատրոնի համալսարանում: 2011-ին գերազանցությամբ դոկտորական առտենախոսություն է պաշտպանել տրանսմեդիայի ոլորտում «Հորինված աշխարհներ. տեխնիկայի և երևակայության փոխհարաբերությունը շարժապատկերներում» թեմայով: Եվրոպական կինոակադեմիայի անդամ է: Վաստակավոր արտիստի կոչում ունի, «Բելա Բալաժ» մրցանակի դափնեկիր է, պարգևատրվել է Հունգարիայի նախագահի «Վաստակի խաչ» շքանշանով:
Ֆիլմացանկ
Իմ քսաներորդ դարը (1989), Ձմեռային պատերազմ(1991), Մոգական որսորդը(1995), Տամաշ և Յուլի (1997), Սիմոն մոգ (1999), Պատմություններ դեմքերով(2000, վավեր.), Եվրոպա (2004, վավեր.), Առաջին սեր (2008, կ/մ), Բուժում (2012-2016, հ/ս), Մարմնի և հոգու մասին (2017):