26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բաց նամակ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներին

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին՝ ՀՀ-ում այդ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հանքարդյունաբերական մասնավոր գործընթացներին միջամտությունները դադարեցնելու և նրանց գործողությունների օրինականությունը հետաքննելու կոչով:

Խնդիրը, մասնավորապես, վերաբերում է Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտում գրանցված “Լիդիան Ինթերնեշընըլ” մասնավոր ընկերության հանքարդյունաբերական բիզնես շահերը սպասարկելու նպատակով կառավարական օղակների վրա ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանների  շարունակական ճնշումներին:

Ինչպես նշում է նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը՝ դեսպանների գործողությունները հակասում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանված դիվանագիտական նորմերին և էթիկայի կանոններին և ողջամիտ կասկածներ են հարուցում, որ դեսպանները հավանաբար Հայաստանում զբաղվում են նույն Կոնվենցիայի 42-րդ հոդվածով արգելված՝ անձնական շահ հետապնդող առևտրային գործունեությամբ:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի մշտական փոխքարտուղար ու դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Ֆրեյզերին հղված նամակում նշված են դեսպանների կողմից դիվանագիտական նորմերին և էթիկայի կանոններին հակասող կոնկրետ դեպքերը, ոսկու հանք շահագործելու մտադրություններ ունեցող «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերության հանքարդյունաբերական ծրագրի հակասությունները ազգային օրենսդրությանը և դրա բնապահպանական ու սոցիալական վտանգները:

Նախաձեռնությունը ընդգծում է, որ 2013 թվականի հուլիսի 18-ին կառավարության 1787-Ն որոշուման հավելվածով հաստատել է «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ», որով, ըստ էության, վերջ է դրվում Ամուլսարի շահագործման պրոյեկտին, քանի որ Ամուլսարի գրեթե ողջ տարածքն ընդգրկվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում: Համաձայն նշված հավելվածի՝ “Սևանա լճի վրա անմիջական ազդեցության գոտին սկսվում է կենտրոնական գոտու արտաքին սահմանից և ձգվում է մինչև Սևանա լիճը շրջափակող լեռնաշղթաների ջրբաժանը, ընդգրկում է նաև ավազանի մաս կազմող Արփա և Որոտան գետերի վերին հոսանքների ջրհավաք ավազանները, Որոտան-Սևան հիդրոտեխնիկական համալիրի երկայնքով և թունելի առանցքից 3000-ական մետր լայնությամբ շերտագիծը, Կեչուտ և Սպանդարյան ջրամբարներն իրենց ջրհավաքներով: Ամիջական ազդեցության գոտում ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հ հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա”:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը համարում է, որ որևէ տնտեսական ծրագրում օտարերկրյա ներդրողների որոշ ակտիվների առկայությունը չի կարող բավարար հիմք լինել այդ երկրների դիվանագիտական ծառայության կողմից կոնֆլիկտային ծրագրին կոպիտ միջամտություն կատարելու համար: Իրավական տեսանկյունից խիստ խոցելի և հանրային դժգոհության լայն ալիք բարձրացրած նախագծին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցչության կողմից ցուցաբերվող աջակցությունը բացասական հետագիծ է թողնում այդ երկրների կողմից կողմից հռչակված՝ ժողովրդավարության, իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի սկզբունքներին և նպատակներին:

Նախաձեռնությունը ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներից ակնկալում է սկսել անհապաղ հետաքննություն` պարզելու դեսպաններ Ջոն Հեֆերնի, Քեթրին Լիչի, Ջոնաթան Էյվզի գործողությունների օրինականությունը՝ դիվանագիտական նորմերի և էթիկայի կանոնների պահպանման հարցերի համատեքստում:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, գործելով ինքնուրույն և կամավոր սկզբունքներով, ստեղծվել է 2007թ.-ին՝ համախմբելով ազատ և գիտակից մարդկանց Հայաստանում, Սփյուռքում և ամբողջ աշխարհում, ովքեր հավատում և պայքարում են հանուն մարդու առողջ և արժանապատիվ կյանքի: Նախաձեռնության առաջնային նպատակն է հասնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ապօրինի շահագործման դադարեցմանը: Նախաձեռնությունը մտահոգված է ՀՀ-ում հանքարդյունաբերության իրավիճակով և իր առջև դրել է ռազմավարական նպատակ` ազդելու և փոփոխելու Հայաստանի ընդերքի անխնա շահագործման քաղաքականությունը:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ