Թել-Ավիվը պատրաստ է զենք վաճառել նաև Երևանին
Եթե իսրայելցի վերլուծաբան Ավիգդոր Էսկինի ելույթներում բաց թողնենք զգացական հատվածը և Բաքվի բռնապետի վարչակարգի սուր քննադատությունը, ինչն, անշուշտ, ականջահաճո է և քարոզչական դաշտում որոշակիորեն օգտակար, ու փորձենք «ցորենը զատել հարդից», ապա կարելի է առանձնացնել երկու կարևոր շեշտադրում:
Նախ՝ ակնհայտ է, որ Իսրայելն, ըստ էության, հաշտվել է այն փաստի հետ, որ շատ դեպքերում նաև ԱՄՆ-ում ունեցած ազդեցության շնորհիվ Իրանի ներսում ակայունության սերմանմանը և դրա վերջնարդյունքում վարչակարգ փոխելուն միտված երկարամյա քաղաքականությունն անհաջողության է մատնվել: Ուստի հնարավորություններ և միջնորդներ է փնտրում Իրան-Իսրայել լարվածությունն առնվազն մեղմելու, իսկ իդեալական տարբերակում նորմալացնելու համար՝ այդպիսի առաքելություն ստանձնելու ունակ երկրների շարքում դիտարկվելով նաև Հայաստանը, որը հիանալի հարաբերություններ ունի Իրանի հետ գրեթե բոլոր մակարդակներում:
Երկրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ Թել-Ավիվը պատրաստ է զենք վաճառել նաև Երևանին, սակայն չի հրաժարվելու Բաքվին դրա մատակարարումներից, ինչն ակնհայտորեն նպատակ է հետապնդում ներհայաստանյան քարոզչական տիրույթում մեղմել Իսրայելի նկատմամբ օբյեկտիվորեն ձևավորված աննպաստ ֆոնը, և նաև կողմերին անուղղակիորեն խրախուսել՝ իսրայելական զենքի հետագա վաճառքն ապահովելու նպատակով: Ակնհայտ է, որ նման մտայնությունը կարող է աշխատել Բաքվի բռնապետի վարչակարգի, բայց ոչ երբեք Հայաստանի պարագայում, քանի որ Երևանը նախ՝ ինքն է ձգտում արտադրել նորագույն բարձրտեխնոլոգիական զենքեր, իսկ անհրաժեշտ մնացյալ սպառազինությունը ձեռք է բերում շատ ավելի էժան գներով:
Իրանագետ Վարդան Ոսկանյանն է գրել Facebook-ում: