Ագրամունտի իմպիչմենտի նախաձեռնությունը ներկայացվել է ԵԽԽՎ քարտուղարությանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ավարտից հետո ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնվել կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ Ագրամունտին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունը 160 կողմ ձայնով ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի նորվեգացի անդամ Ինգրիդ Սկոն:
Հունիսի 26-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Հունիսի 28-ին ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբում թեժ նիստից հետո որոշում կայացվեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից: Ավելի վաղ ԵԽԽՎ հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը, ձայների մեծամասնությամբ քվեարկել էր ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին: Վեհաժողովի պատգամավորները Ստրասբուրգում ընթացող ամառային նստաշրջանում բանաձև էին ընդունել նրա անդամների պատասխանատվության սկզբունքի վերաբերյալ: