Միֆ է. քանդելն ամենահեշտն է
՛՛Յուրաքանչյուր նշանակալից շենքին մոտենալիս անհանգստանում ենք, որ սեփականատիրոջ առաջին մղումն այն է լինում, որ նա ուզում է քանդել շենքը: Նման մոտեցումը միշտ էլ բացասական է ազդում քաղաքի վրա, ինչքան էլ հետո սեփականատերը պայծառ ապագա է խոստանում, ասում է, որ ավելի լավ բան է կառուցելու, մենք հակառակ պատկերն ենք ստանում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նա նշեց, որ լավ է, որ ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանի շենքի քանդման հարցը արդեն քննարկման առիթ է դարձել, երբ դեռ չեն սկսել քանդման աշխատանքները:
Հայ նախագիծ ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը նկատեց, որ պնդումը, թե շենքի հիմքերը հին են, և այն չի կարելի վերականգնել, ուղղակի միֆ է: ՛՛Երևանի մեծ մասը՝ ութսուն տոկոսը շենքերի նույն վիճակում են, ինչ որ Զվարթնոց օդանավակայանը, քանի որ չեն փոխվել Սպիտակի երկրաշարժից հետո: Ինչ վերաբերում է նրա ուժեղացման անհնարինությանն, ապա դա միֆ է՛՛:
Ազիզյանն առաջարկում է մրցույթ հայտարարել և հանրությունն այդ դեպքում կասի, թե որպես ինչ կարելի է օգտագործել շենքը:
՛՛Մենք 90 տարի ոնց որ թե գերի լինենք ֆինանսական մեծ ներդրումների, որոնք թելադրող են դառնում, այդպես է ամբողջ աշխարհում, բայց մենք պետք է կարողանանք, ինչպես ամբողջ աշխարհում, դա անել մեծ քննարկումներից հետո՛՛,-ասաց Մինասյանը և ավելացրեց. ՛՛Քանդելն ամենահեշտն է, նման շատ կառույցներ արդեն քանդվել են՛՛:
Մկրտիչ Մինասյանը նշեց, որ սեփականատերը որևէ պարտավորագիր չունի օդանավակայանի շենքի հանդեպ, ուղղակի շենքը շատ ներկայանալի է ու ճանաչելի և շենքին պետք է վերաբերվել որպես մեր ժառանգության կարևորագույն մասնիկներից մեկը:
Հարցին, թե ինչպես են վերաբերում ՛՛Արմենիա միջազգային օդանավակայններ՛՛ ՓԲԸ-ի տարածած հայտարարությանը, թե իրենք չեն պատարստվում այն վերականգնել, Գրիգոր Ազիզյանը պատասխանեց. ՛՛Ես սա շանտաժ չեմ համարում, եթե նա չի ուզում կառավարել, պետք է հանձնել պետությանն ու նա կգտնի այն անձանց, ովքեր հանձ կառնեն այդ օբյեկտը շահագործելու՛՛: