Doing Business-ում Հայաստանը բարելավել է դիրքերը
Գործադիրը հավանությունն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017թ. միջոցառումների ծրագրին: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության 2016թ. ծրագրով ընդգծվել է գործարար միջավայրի բարելավման այնպիսի քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը, որոնք 2017թ. արդյունքներով կհանգեցնեն Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելը (Doing Business) վարկանիշում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման՝ առնվազն 4 կետով:
«Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն` Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա վերագնահատված արդյունքների (43-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 5 կետով` բարձրանալով 38-րդ տեղը: Մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը:
Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը: Ծրագրով նախատեսված 49 միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը: Ակնկալվում է նաև Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում այլ հավասար պայմաններում ՀՀ դիրքը բարելավել 12 կետով: Ըստ վերոնշյալ զեկույցի՝ դեռևս խնդիրներ կան հարկերի վճարում, շինարարական թույլտվությունների ստացում, էլեկտրականության միացում, սնանկացման ճանաչում ոլորտներում:
Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել, որ գործարար միջավայրի կանոնակարգումը կնպաստի տնտեսական աճին ուղղված ջանքերի արդյունավետ իրականացմանը: Վարչապետը հանձնարարել է անհրաժեշտ տեղեկատվությունը տեղադրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում և պարբերաբար հանդիպումներ կազմակերպել բիզնես միջավայրի ներկայացուցիչների հետ: Գործադիրի ղեկավարը նախարարին հորդորել է նախատեսվող միջոցառումները վերոնշյալ ոլորտներում, հատկապես, սնանկացման ճանաչման, պահել ուշադրության կենտրոնում: