Ունենք բավականին աղճատված հանրային ճաշակի մակարդակ. Հ. Նաղդալյան
՛՛ Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ որոշակի փոփոխություններ կատարվել և կատարվում են Հանրային հեռուստառադիոընկերության ծրագրային քաղաքականության մեջ,մասնավորապես, ավելացել են սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային, երիտասարդության համար հայրենասիրական դաստիարակչական ուղղվածություն ունեցող հաղորդումների,ինչպես նաև՝ հայրենական արտադրության և փաստավավերագրական ֆիլմերի հեռարձակման ծավալները՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Հանրային հեռուստաընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ հանրային հեռուստաընկերության խորհրդի՛՛ մասին քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
՛՛Այնուամենայնիվ, թե անցած տարիների քննարկումները և թե առօրյա կյանքում մեր տեսածները առաջացնում են բազմաթիվ մտահոգություններ այն մասին ,թե ներկայումս առանձնապես հեռուստաեթերով սփռվող հաղորդումներն ու ծրագրերը որքանով են ընդունելի հանրության լայն խավերի համար և արդյոք լիարժեք բավարարում են նրանց պահանջմունքները:
Ուղղակի այդպես հնչող հարցին կարելի է միանշանակ բացասական պատասխան տալ:
Քննարկվող հարցի առավել կարևորությունն ու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ոլորտն ունի ռազմավարական նշանակություն և այստեղ ներկայացված նպատակների, ծրագրերի ու նրանց առջև դրված խնդիրների հստակ իրականացմամբ են որոշակիորեն պայմանավորված հասարակության զարգացման և արժեհամակարգի ձևավորման հարցերը:
Նշվածը հիմնավորվում է նրանով, որ տարիներ շարունակ և մինչ օրս Հանրային հեռուստատեսային ու ռադիո ընկերությունները հանրապետության տարածքում պահպանում են իրենց առաջատար դիրքերը այլ նմանատիպ ընկերությունների նկատմամբ և զգալի ազդեցություն ունեն հասարակական կյանքում, հասարակական կարծիքի ձևավորման վրա` այստեղից էլ բխում են այն` միգուցե խիստ, սակայն արդարացի, պահանջներն ու անբավարարվածությունը, որը հնչում է՛՛,-նկատեց նա:
՛՛Ելնելով այն հանգամանքից,որ Հանրային հեռուստաընկերությունը հիմնականում ֆինանսավորվում է պետական բյուջեից ,կարծում եմ, որ թե պետության և թե հանրության համար շատ կարևոր է, որ այդ միջոցները ծախսվեն նպատակային ձևով, ոչ թե մեզ համար խորթ բարքեր ներմուծելով, կրկնօրինակելով և տարածելով, այլ դրանք ուղղված լինեն նպաստելու նորմալ հասարակարգի ստեղծմանը, հասարակության զարգացմանը,ինչպես նաև հասարակության շրջանում համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանը:
Այս քննարկումներով ինչ ենք մենք ուզում հասկանալ ` ինչպիսի քաղաքացի, ինչպիսի բարքեր և բարոյական նորմեր պետք է լինեն և ձևավորվեն մեր հասարակության մեջ և ինչ պրոցեսներին ենք մենք ուզում նպաստել՝ ունենելով այնպիսի հզոր մի զենք, ինչպիսին հեռուստատեսությունն է:
Հայտնի է, որ իրավական նորմերը սահմանվում են օրենքներով, իսկ բարոյական նորմերը կյանքից են ձևավորվում և այս դեպքում Հանրային հեռուստաընկերության բավականին մեծ հնարավորությունների կիրառելով ինչպիսի չգրված նորմեր և բարքեր ենք ձևավորում:
Կարծում եմ այստեղ հարցեր կան և մեր դիրքը որպես օրենսդիրներ, ոչ միայն թույլ է տալիս ,այլև պահանջում է, որ մենք ոչ թե սահմանափակվենք տարին մեկ անգամ այս թեմաներով տրտունջներ բարձրաձայնելով, կամ հուսալով, որ բյուջեի քննարկման ժամանակ միջոցներ կձեռնարկենք, այլ հստակ միջոցներ սահմանելով և կիրառելով՝ վերացնենք հանրության համար անցանկալի կամ վնասակար աղտերը և կանոնակարգենք իրավիճակները:
Նպատակահարմար եմ համարում առաջարկել ԱԺ –ի պատկան հանձնաժողովին նախաձեռնել քննարկումներ, որոնք թույլ կտան մեզ հասկանալ իրավիճակը , հասկանալ, թե ինչ խնդիրներ է տեսնում լիազոր մարմինը այսօր և որտեղ և ինչով կարող ենք լրացուցիչ քայլերով և միջոցներով ուժեղացնել նրան, և ինչն է, որ պիտի ձեռնարկվի՝ անցանկալի երևույթները վերացնելու ուղղությամբ:
Օրինակ, այդ իմաստով մեկ առաջարկ, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալը, ծրագրերի կառուցվածքը սահմանի և հաստատի դրանք նախապես քննարկելով Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում:
Թերևս, իսկապես չափորոշիչներ սահմանումը բարդ թեմա է, բայց անտեսել չի կարելի՛՛:
Բավականին ընկալելի և ընդունելի է այն հանգամանքը,որ հեռուստատեսային ծրագրերն ու հաղորդումները պատրաստվում և եթեր են հեռարձակվում հեռուստալսարանի արձագանքների չափումների, ինչպես նաև վարկանիշային տվյալների արդյունքների ուսումնասիրության հիման վրա:
Սակայն, երբեմն խիստ կասկածելի և ոչ հավաստի են թվում հեռուստալսարանի այնպիսի չափումների իրականացումն ու վարկանիշային տվյալների ներկայացումը, որոնց համաձայն,ըստ իս , ամենացածրաճաշակ հաղորդումներն ու ծրագրերը ներկայացվում են որպես բարձր վարկանիշ ունեցող հաղորդումներ ու ծրագրեր ,իսկ քիչ թե շատ նորմալ հաղորդումները դուրս են մղվում այս վարկանիշային մրցավազքում:
Ասվածը հիմնավորելու համար՝ նշեմ միայն մեկ օրինակ` համաձայն ՛՛Տելեմեդիակոնտրոլ՛՛ փակ բաժնետիրական ընկերության վարկանիշային տվյալների՝՝ հայկական հեռուստաեթերի առաջին 10 ամենամեծ հեռուստալսարան ունեցող հաղորդումների շարքում 4-րդ տեղում է գտնվում ոչ միանշանակ ընկալվող և ընդհանուր և մասնագիտական լսարանի կարծիքով հանրության համար անընդունելի բարքեր քարոզող , ասենք օրինակ՝ ՛՛Հրեշտակների դպրոց՛՛ ֆիլմը, կամ ՛՛Կյանքի կարուսել՛՛ հեռուստանախագիծը:
Կարծում եմ, այս փաստն արդեն բավական է, որպեսզի թերահավատությամբ լցվենք հեռուստահաղորդումների վարկանիշային տվյալների ձևավորման գործնթացի նկատմամբ,անկախ նրանից,թե որ կազմակերպության կողմից են դրանք ներկայացվում: Նկատում եք չէ, որ հեռուստատեսության մասնագետների մոտ երբևիցե այս թեմայով ոչ կասկած,ոչ անհանգստություն չի դրսևորվում, ասեմ ավելին՝ մի քիչ էլ ներքին գոհունակություն է նկատվում` դե էս են սիրում, էս ենք ցույց տալիս:
Ուրեմն, իսկապես, կուզենայինք ներքին վստահություն ունենալ վարկանիշային հետազոտությունների կատարման մասնագիտական բարձր մակարդակի, տվյալների անաչառության և օբյեկտիվության նկատմամբ: Եվ եթե իսկապես այնպես է, որ այդ տվյալները որոշակիորեն համապատասխանում են իրականությանը, ապա այստեղ պետք է լրջորեն խորհենք իրավիճակի շուրջ` արձանագրենք փաստը, որ ունենք բավականին աղճատված հանրային ճաշակի մակարդակ և հասկանանք, թե ինչ ուղի ենք վերցնում` թույլ ենք տալիս որ եղածի ազդեցության տակ մնացածի ճաշակն էլ փչանա, թե լրջորեն մտահոգվում ենք, թե ինչ անհրաժեշտ քայլեր պիտի ձեռնարկվի՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Այս հարցում մեծագույն է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ու Հանրային հեռուստառադիոընկերությունների դերը, որոնք եթեր հեռարձակվող ծրագրային քաղաքականության մեջ պետք է նախատեսեն հանրության շրջանում ճաշակի դաստիարակության և ճաշակի ձևավորման խնդիրներ:
Այստեղ, այս քննարկման ընթացքում, հնչել է նաև ցենզուրայի թեման: Ես ամբողջովին համաձայն լինելով ցենզուրայի անընդունելիության մասին թեզին ,այնուամենայնիվ, ուզում եմ հիշեցնել, որ ՛՛ցենզուրա՛՛ բառը առաջացել է ՛՛ցենզ՛՛ բառից , որի մեջ կա և որակ, և մակարդակ, և պատշաճ, և թույլատրելի իմաստները, և առանց ցենզուրայի, չպետք է նշանակի՝ առանց մակարդակի, անպատշաճ կամ անթույլատրելի:
Չեմ պատրաստվում իմ ելույթով որևէ մեկի համար գովազդ իրականացնել, թեև կարծում եմ՝ շատերս կուզենայինք հիմա հակագովազդի իմաստով բազմաթիվ հաղորդումների և ֆիլմերի, հատկապես սերիալների անուններ հնչեցնել՛՛: