30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԳ նախարարի հանդիպումները Նյու Յորքում /ֆոտո/

Minister Nalbandian meets Bhutan FM Minister Nalbandian meets Georgian FM 2Minister Nalbandian meets OSCE CiO Սեպտեմբերի 27-ին կայացավ Էդվարդ Նալբանդյանի եւ Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորի հանդիպումը, որին մասնակցում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Զրույցի ընթացքում քննարկվեց ադրբեջանահունգարական գործարքի հետեւանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին հասցված վնասը: ԵԱՀԿ գործող նախագահը բարձր գնահատեց բանակցությունների ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը:

Նախարարներ Նալբանդյանն ու Գիլմորը անդրադարձան նաեւ ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, ինչի առնչությամբ Հայաստանի արտգործնախարարը աջակցություն հայտնեց կազմակերպության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իռլանդական նախագահության նախաձեռնություններին:

ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվեցին անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրմանն առնչվող հարցեր: Նախարարները քննարկեցին նաեւ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումների օրակարգը:

Էդվարդ Նալբանդյանի եւ Սլովենիայի արտգործնախարար Կարլ Էրջավեչի հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա է բարձրացվել, ինչը նշանավորվել է երկրների ղեկավարների փոխայցելություններով, միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ:

Նախարարները մտքեր փոխանակեցին Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերն ու ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացը:

Կարլ Էրջավեչը տեղեկացրեց իր երկրի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը եւ դրա հետեւանքները հաղթահարելու նպատակով իրականացվող քայլերը:

Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկեցին Թուրքմենստանի Նախագահի` Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, սեպտեմբերի 6-ին Երեւանում կայացած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի արդյունքները, միջազգային կազմակերպություններում համագործակցության, երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանի եւ Բութանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրման արարողությունը, որին նախորդեց երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Լյոնպո Խանդու Ուանգչուկի հանդիպումը:

Զրույցի ընթացքում նախարարները կարեւորեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատումը` համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի միջազգային կառույցներում համագործակցության ծավալմանը եւ բարեկամական փոխգործակցության ձեւավորմանը:

Նախարար Ուանգչուկը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրեց Բութանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Արտգործնախար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Վրաստանի իր գործընկերոջ Գրիգոլ Վաշաձեի հետ: Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքին, երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակին:

Մոնտենեգրոյի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նեբոյշա Կալդերովիչի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, գործարար կապերի խթանմանը, ապակենտրոնացված համագործակցությանը: Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին միմյանց մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրելու, ԱԳՆ-ների միջեւ համագործակցության մասին հուշագրի ստորագրելու վերաբերյալ:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների պատվին Ֆրանսիաի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի կողմից տրված ընդունելությանը, որին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ՖՄԿ անդամ երկրների արտգործնախարարներ:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ