Ամեն ինչից հիասթափված՝ գնացի պրն. Ծառուկյանի մոտ. Վահան Կարապետյան (տեսանյութ)
«Բայց ես ինքս էի չէ՞ հրաժարվել մանդատից, ասացի չէ՞ այդ օրը հայտարարեցի: Ես մոտ 9000 ձայն էի հավաքել, բայց իմ ակնկալիքներն ավելի շատ էին: Ամեն ինչից հիասթափված՝ ես գնացի պարոն Ծառուկյանի մոտ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը, ով ևս ինքնաբացարկ հայտնած պատգամավորների թվում էր:
Նա նշեց, որ ինքն է անձամբ Գագիկ Ծառուկյանին ասել, որ չի ցանկանում վերցնել մանդատը. «Ժողովրդի տված ձայնից էի հիասթափվել, թիմիս աշխատանքից»: Նա հայտնեց, որ ինքնաբացարկի դիմում նախօրոք էր գրել, ապա դա ներկայացրել է, իսկ հետո էլ երբ հիասթափությունն արդեն անցել է, գնացել է ու հետ վերցրել ինքնաբացարկի դիմումը՝ որոշելով պատգամավոր դառնալ:
«Թիմը պահանջեց այդպես: Ես գնացի, դիմեցի պարոն Ծառուկյանին, ասացի՝ ես ինքս չէի ուզում, բայց թիմը պահանջում է, ի՞նչ անենք: Որոշեցինք, որ դիմում ես հետ վերցնեմ: Ես եմ գրել ինքնաբացարկի դիմումը, ամիս 2-ին էլ գնացել եմ, հետ վերցրել: Ապա հրապարակավ հայտարարեցի, որ պարոն Ծառուկյանն ինքը կորոշի թիմի հետ միասին, թե որտեղ կլինեմ ես: Գիտեք, որ ես այս տարիների ընթացքում իմ թիմից, պարոն Ծառուկյանից ոչ մի քայլ հետ չեմ գնացել: Ես թիմից բացի ուրիշ տեղ չունեմ»:
Նա նշեց, որ եթե նույնիսկ որոշեն իրեն թոշակի ուղարկել, ինքը կուսակցությունից չի հեռանա:
Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում Վահան Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ նախապես հայտարարվել էր, որ իրեն ծեծի են ենթարկել, ապա իր թիմից ասացին, որ ընկել է ու վնասվել, Վահան Կարապետյանը հերքեց դրա հետ կապված լուրերը, թե կուսակցությունից իրեն ճնշումների են ենթարկում: «Մենք բոլորս էլ գիտենք, որ ընտրությունների ժամանակ որոշակի լարվածություն եղավ: Ինձ չէին էլ ծեծել: Լարվածություն չի նշանակում ծեծել: Ռեանիմացիա էին ուղարկում, բայց այդպիսի բան չի եղել: Չափազանցված էր հայտարարությունը»: