ԲՀԿ-ն համագումարում կհայտարարի թեկնածուին. Հրապարակ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն օրեր առաջ հայտարարում էր, թե նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին իրենց որոշումը կարող են ընդունել նաեւ կուսակցության քաղխորհրդի նիստում՝ պարտադիր չէ համագումար անելը: Սակայն այժմ լուրեր են շրջում, որ ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:
Ըստ դիտորդների, եթե ԲՀԿ-ն համագումար անի, ապա դա հանդիսավոր պայմաններում սեփական թեկնածուով հանդես գալու մասին որոշում կայացնելու համար կլինի:
Թեեւ չի բացառվում, որ այս լուրերը շրջանառության մեջ են դրվում նույն՝ սեփական ակցիաները բարձրացնելու նպատակով: “Երբ որ ունենանք համագումար անելու որոշում, լրատվամիջոցներն այդ մասին կիմանան”,- երեկ, թերթի հարցին ի պատասխան, ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Ի դեպ, ԲՀԿ շրջանակները նշում են, որ փակված կարելի է համարել Վարդան Օսկանյանի առաջադրման առաջարկը. այժմ քննարկվում է միայն Ծառուկյանի առաջադրման հարցը: