Եթե ազգերն սկսեն խոսել իրար հետ, քաղաքականությունն էլ կհետևի. Թուգչե Էրգյուլ
Ազգությամբ թուրք, Սան-Ֆրանցիսկոյում բնակվող Թուգչե Էրգյուլն, ով Սիլիկոնյան հովտում տեղկայված «Էնգել լաբս»-ի տնօրենն է, այսօր Երևանում է: Նա Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպման հյուրերից էր:
Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ տատիկն էլ հայ է եղել, սակայն չի հասցրել նրա հետ շփվի, խոսի հայերի, Հայաստանի մասին. տատիկը վաղ է մահացել: Ինքն առաջին անգամ է Հայաստանում, ասում է, որ տեղացիները շատ ջերմ մարդիկ են, սակայն դա իր համար նորություն չէր. «Չեմ զարմացել այդ ջերմությունից, քանի որ հայերի հարևանությամբ եմ մեծացել, դաստիարակվել»:
Henaran.am-ի հարցին, թե ինչ տպավորություն ունի Հայաստանից, նա ժպտաց ու ասաց. «Հայկական գինուն ուղղակի սիրահարված եմ: Լավագույն գինին է, որ ես երբևէ խմել եմ, ինչն ինձ համար բավական մեծ անակնկալ էր: Ես չէի ակնկալում, որ հայկական գինին կլինի այդքան լավը»:
Խոսելով հանդիպումից ունեցած ակնկալիքներից՝ նա նկատեց, որ տարբեր ազգերի միջև եղած խնդիրները միայն այդ 2 երկրներին չէ, որ պիտի հուզեն, և հենց այդ պատճառով էլ մասնակիցներ ու հյուրեր կան Բեռլինից, Մյունխենից, Լոնդոնից. «Եթե ինչ-որ տարբերակ կա, որ կարելի է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ ստեղծել ու զարգացնել, ապա դա միայն գործընկերությամբ, նման հանդիպումներով, քննարկումներով, նման զարգացումներով կարող է լինել: Ես հույսով եմ, որ հայ և թուրք ներդրողները կգան ընդհանուր հայտարարի, և առաջընթաց կունենանք»:
Հարցին, թե արդյոք դա հնարավոր է՝ հաշվի առնելով, թե ինչ քաղաքական հարաբերությունների մեջ են Թուրքիան և Հայաստանը, և ինչպիսին է Թուրքիայի նախագահի վերաբերմունքը, նա պատասխանեց. «Ստարտափի աշխարհն այնքան տարբեր է հիմա, սթարթափերը փոխում են ամբողջ աշխարհը: Մենք ունեցել ենք նման միջոցառում Իսրայելի և Պեղեստինի մասնակցությամբ, այսպիսով եկեք, անենք դա»:
Թուգչե Էրգյուլը հույս ունի, որ նման միջոցառումները, տնտեսական փոխհարաբերությունները դանդաղորեն ազդեցություն կունենան նաև քաղաքականության վրա: «Եթե ազգերը գործընկերային հարաբերությունների մեջ մտնեն, եթե ազգերն սկսեն խոսել միմյանց հետ, փոխանակեն ինֆորմացիան, փորձը, կարծում եմ, որ քաղաքականությունն էլ կհետևի դրան»:
Ավելին մեր զրուցակիցը նկատեց, որ հայ և թուրք մարդիկ իսկապես նման են, սիրում են միմյանց, ընդամենը շփումներ են պետք: «Սա առաջին քայլն է, և կարծում եմ, որ հաջողության ավելի մեծ ջանքեր են հարկավոր ներդնել»,-եզրափակեց Թուգչե Էրգյուլը: