25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վտանգավոր է՝ հատուկ թունավորել են․ Հայկական Ժամանակ

Թուրքական լոլիկի եւ ադրբեջանական խնձորի թեման հասել է իր թեժության գագաթնակետին: Որոշ մարդկանց մոտ արդեն տպավորություն է ստեղծվել, որ սա դիտավորյալ կազմակերպված դիվերսիա է, եւ թուրքական ու ադրբեջանական արտադրության մթերքները հատուկ թունավորվել եւ ուղարկվել են Հայաստան:

Եթե այդ միտումները շարունակվեն, ապա դա կարող է հանգեցնել տխուր հետեւանքների: Իրականում խնդիրը բոլորովին այլ տեղ է, եւ դրա մասին գրեթե չի խոսվում: Նախ ամենահետաքրքիրն այն է, որ ադրբեջանական խնձորները հայտնվել են մեր վաճառակետերում, սակայն պաշտոնապես ՀՀ սահմանը դրանք չեն հատել: Հանելո՞ւկ է: Իհարկե ոչ: Պարզապես մեր պատկան մարմինները, որոնք պետք է հսկեն մեր սահմաններով անցնող բեռները, լավագույն դեպքում անուշադրության հետեւանքով, իսկ վատագույն դեպքում՝ շահադիտական նպատակներով թերացել են իրենց աշխատանքում:

ՀՀ սահմանը հատող բեռները նկատմամբ հսկողությունը իրականացնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեն, ի դեմս մաքսային ծառայության, եւ ՀՀ գյուղնախարարությունը, ի դեմս Սննդի անվտանգության պետական ծառայության: Յուրաքանչյուրը ունի իր գործառույթը, բայց կոնկրետ խնձորի պահով երկուսն էլ պատասխանատու են: Մաքսային ծառայությունը ներկրվող ապրանքը, տվյալ դեպքում՝ խնձորը դիտարկում է որպես բիզնեսի առարկա, պարզում է, թե արդյոք այդ ապրանքից մաքսատուրք պե՞տք է գանձվի, թե ոչ, ավելացված արժեքի հարկ պե՞տք է գանձվի թե ոչ, որքա՞ն է կազմում այդ ապրանքի մաքսային արժեքը եւ այլն: ՍԱՊԾ-ն պետք է այդ մթերքը դիտարկի սննդի անվտանգության տեսանկյունից, այսինքն արդյոք այդ մթերքը անցե՞լ է համապատասխան լաբորատոր փորձաքննություն այն երկրում, որի տված փաստաթղթերը մենք ճանաչում ենք եւ վստահում ենք դրանց, արդյոք տեղափոխման ընթացքում պահպանվե՞լ են անհրաժեշտ պայմանները, արդյոք մթերքը փչացա՞ծ չէ եւ այլն, եւ այսպես շարունակ:

Ու հիմա պարզվում է՝ այդ երկու կառույցների աչքի առաջից բավականին մեծ խմբաքանակի մթերք է մտնում Հայաստան, որը չի արձանագրվում, դրանից փաստորեն հարկեր չեն վճարվում …: Դա մաքսանենգ ապրանք է: Եթե լիներ ոչ թե ադրբեջանական խնձոր, այլ բուլղարական բիբար, ճապոնական միս, չիլիական պանիր, կբացահատվե՞ր: Իհարկե ոչ, որովհետեւ չիլիական կամ ճապոնական որեւէ մթերք չի շոշափում մեր ազգային արժանապատվությունը, եւ ադրբեջանական խնձորը բացահայտվել է զուտ այն պատճառով, որ ադրբեջանական է: Եվ միայն: Ուստի կարող ենք պնդել որ մեր շուկայում կա անորոշ քանակությամբ ապօրինի ներկրված ապրանք:

Ու այստեղ ծագում է ամենակարեւոր հարցը: Ո՞վ կարող է սահմանը անցկացնել ապրանք, որ այն չմաքսազերծվի, չարձանագրվի: Տանիք չունեցող շարքային ցանկացած ներկրող կփաստի, որ մաքսայինը իր նման գործարարների կաշին քերթում է հենց սահմանի վրա: Ապրանքների վրա այնպիսի «հսկիչ գներ ենե դնում, որոնք մի քանի անգամ գերազանցում են տվյալ ապրանքի իրական, շուկայական արժեքը: Այլ կերպ ասած, առանց մաքսազերծման ապրանքներ Հայաստան են ներկրում միայն արտոնյալները: Ընդ որում, դրանք սովորաբար խոշոր ներկրողներ են: Նրանք, իհարկե, իրենց բաժին մաղարիչները բաժանում են, բայց դրանից ոչ մի լումա չի գնում ՀՀ պետական բյուջե: Սա իհարկե վատ է` շատ վատ: Բայց ադրբեջանական խնձորի պատմությունը բացահայտում է մեկ այլ, շատ ավելի վատ, սարսափելի, աղետալի մի իրողություն:

Որեւէ մեկը երբեւեէ, որեւէ խանութում տեսե՞լ է, ասենք, Վրաստանից ներկրված սովորական շաքարավազ: Վրաստանում հիմա շաքարը մոտ 25 տոկոսով ավելի էժան է, քան Հայաստանում: Խնձորի դեպքում նույնպես գների այսպիսի տարբերություն է` ադրբեջանական խնձորը Վրաստանում 25 տոկոսով է էժան, ու որոշ գործարարներ դա ներկրում են Հայաստան եւ այդ բիզնեսից շահույթ ստանում: Բա այդ դեպքում ինչո՞ւ մաքսանենգ շաքար չեն ներկրում: Դա ախր ավելի ձեռնտու է` խնձորի տեղափոխելը, պահպանելը, իրացնելը ավելի դժվար է` ունի պահպանման կարճ ժամկետ, շուտ փչացող ապրանք է, նշանակում է՝ ավելի ռիսկային է բիզնեսի տեսանկյունից: Շաքարի համար պայմանները շատ ավելի մեղմ են` խոնավության խնդիրը եթե լուծված լինի, կարելի է տարիներով պահպանել` մինչեւ իրացվի: Ռուսաստանում էլ է շաքարավազը 25-26 տոկոսով էժան, քան Հայաստանում, ու էլի չի ներկրվում:

Հիմա կարող ենք ամփոփել: Մաքսային սահմանում անվերահսկելի վիճակ է` հսկայական ծավալներով մաքսանենգ ապրանքներ են ներկրվում, բյուջեն չի ստանում համապատասխան մուտքեր: Այդ մուտքերը ապահովելու համար մաքսայինը քերթում է այն ներկրողներին, որոնք տանիք չունեն:

Դրան զուգահեռ մաքսայինի գործառույթների մեջ է մտնում ժամապահի պես հսկել այն ապրանքների ներկրման գործընթացը, որոնք ունեն իրենց մոնոպոլ ներկրողները: Այսինքն, ամեն ինչ անում են մոնոպոլիաների պահպանման համար: Դա շատ ավելի վտանգավոր է երկրի անվտանգության համար շատ ու շատ ավելի մեծ սպառնալիք է, քան թուրքական լոլիկներն ու ադրբեջանական խնձորները միասին վերցրած:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ