Խաչիկյանը հանձնարարել է վերականգնել յուրացումը /լրացված/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվում է Վազգեն Խաչիկյանի, աշխատանքի ու սոցիալական ծառայության նախարարության 12 աշխատակիցների գործով դատաքննությունը: Դատարանը շարունակում է լսել վկաների ցուցմունքները:
Բոլոր հինգ վկաներն էլ նշեցին, որ իրենք ոչինչից տեղյակ չեն, դատավարության մասնակիցներից մարդ չեն ճանաչում: Պարզապես նրանց ծնողները բացակայում են հանրապետությունից եւ պարզվել է, որ որոշ ժամանակ կենսաթոշակը ուրիշն է ստացել:
Միայն վկա Արա Հարությունյանը ճանաչեց համարյա բոլոր վկաներին: Նա ժամանակին Վազգեն Խաչիկյանի առաջին տեղակալն է եղել: Թշնամություն ոչ մեկի միջեւ չկա: Ըստ վկայի, 2010թ. Խաչիկյանի մոտ խորհրդակցություն էր, քննարկվում էր սոցծառայության Գյումրիի տարածքային կառույցում կատարված չարաշահումները: Աշխատակիցներից Արա Աբրահամյանն ասաց, որ ինքն է կատարել խախտումը, մոտ մեկ մլն դրամ յուրացում էր: Խաչիկյանը հանձնարարեց, որ վերականգնեն գումարը:
Պաշտպան Հովիկ Արսենյանի այն հարցին, թե ինչպես պիտի կարգով ասաց, որ մեթոդները չեն քննարկվել: Վկայի պատմելով ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանը իրեն գումար է տվել եւ խնդրել փոխանցել Խաչիկյանին:
“Մոտեցավ վարչության պետը՝ Աշոտ Աբրահամյանը: Ասաց, սպասում է Խաչիկյանին: Ես զանգեցի Խաչիկյանին, ասաց, մի ժամից կգա: Երբ եկավ, Աշոտի փաթեթը փոխանցեցի նրան: Աշոտն ասել էր, որ վերականգնված գումարն է, բայց թե որքան գումարի մասին էր խոսքը”,-ասաց վկան` ավելացնելով, որ տեղյակ չէր, թե ինչ կա փաթեթի մեջ կամ ինչքան գումար է: Վազգեն Խաչիկյանն էլ փորձեց պարզել, թե երբ է իր նախկին տեղակալը գումարը փոխանցել իրեն: “Իմ դուռը բաց էի թողել, որ տեսնեի, երբ եք գալու: Երբ եկաք, բարեւեցիք, ընդունարանում, Ձեր դռան մոտ տվեցի”,-ասաց վկան: Այստեղ զարմացավ Խաչիկյանը` հարցնելով, թե օրվա երկրորդ կեսին բարեւեցի՞նք:
Նախկին տեղակալը նախկին պետին հավաստիացրեց, որ այդ օրը առաջին անգամ էր տեսել Խաչիկյանին:
Դատաքննությունը կշարունակվի սեպտեմբերի 12-ին: