«Քյասար եմ ասում` թարգը տվեք, գործ արեք» /տեսանյութ
Նախօրեին քարոզարշավով Շիրակի մարզում էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Կուսակցական թիմը նախ հանդիպում էր կազմակերպել Աշոցքում:
Հանդիպմանը եկել էին Աշոցքի տարածաշրջանի գյուղերի բնակիչները, նշենք, որ քարոզարշավի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղացիներին չներկայացրեց նախընտրական ծրագիրը, այլ հարց ու պատասխանով փորձեց լսել ու իր լուծումները առաջարկել տարբեր հարցերի վերաբերյալ:
Աշոցքի ֆերմերներից մեկը նախ հարցրեց. «Ինչու Աշոցքի ջրային ռեսուրսներից ստացված գումարը չի գալիս համայնքին, չէ որ Աշոցքի ջրային պաշարներով սնվում է Գյումրին, նաեւ որոշ գյուղեր: Միլիոնավոր գումարներ են վճարվում, բայց համայնքը դրանից չի օգտվում»:
Վարչապետն էլ նշեց. «Հնարավոր չէ տարբեր տեղեր տարբեր գներ սահմանել, ու այդ գումարները տալ տվյալ համայնքին: Աշոցքի ռեսուրսը ամբողջ Հայաստանի ռեսուրսն է» :
Բավրայի նախկին գյուղապետ Կորյուն Սումբուլյանն էլ հարց բարձրացրեց, թե վերամշակող բիզնես է հիմնել ու կառավարությանը ներկայացրել է ծրագիր, որ մեկ կոմբայն նվիրեն:
«Իսկ եթե կոմբայն եք ուզում, վերադարձելիություն ապահովվե՞լ եք: Եթե ոչ, դրա համար էլ չեն պատասխանել: Թարգը տվեք, գործ ենք անելու: Պատկերացրա սաղ երկիրը կոմբայն ուզի , ես ո՞նց իմանամ: Դուք պետք է աշխատեք: Դրա համար էլ ասում եմ զարգացման ծրագիր պետք է ունենաս, դու կհարստանաս, որի համար ես շահագրգռված եմ,- վարչապետ Կարապետյանը շարունակեց,-ձրի բանը գիտես որտեղ է, բա որ գիտես, ինչի ես ինձանից ձրի կոմբայն ուզում: Դու ասում ես` ձրի ես ուզում: Եթե դու ձրի ես ուզում, ես քեզ ձրի կոմբայն չեմ տալու, քյասա եմ ասում»: