Բարեփոխումների երկրորդ փուլ՝ հարկային և մաքսային համակարգերում
Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումների նոր փուլ է սկսում: Կառավարության ծրագրի դրույթներին համապատասխան, վարչապետի և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարականներով առաջնորդվելով՝ կոմիտեն մշակել է հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների հագեցած ծրագիր: ՊԵԿ-ի նախաձեռնած միջոցառումներն առավելապես ուղղված են մեր երկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային գործիքակազմի ընդլայնմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին և օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ընդլայնմանը: Ծրագրի դրույթները քննարկվել են նաև «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ: «Կոմիտեի հետ արդյունավետ և կառուցողական համագործակցությունը երկարաժամկետ նախագծերի համատեղ իրականացման հիմք են դրել»,-նշել է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը: Կոմիտեի առաջարկած համարձակ քայլերից մեկն արտադրական գործունեությունը խթանալու նպատակ է հետապնդում, քանի որ մեքենասարքավորումներ և հումք ներկրողներն ազատվելու են մաքսային սահմանին ԱԱՀ վճարելուց, ինչը կփոխհատուցվի վերջնական արտադրանքի իրացման փուլում: «Տնտեսվարողին հետաքրքրում է, թե որքան ժամանակում կարող է հետ գնել կատարած ներդրումը. մենք ամորտիզացիայի ժամկետն իջեցնում ենք 1 տարի՝ հնարավորություն տալով ներդրումային ծրագրեր իրականացնել՝ չվճարելով շահութահարկ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Կոմիտեն մշակել է նաև մեխանիզմներ, որոնք նվազեցնելու են մաքսային հայտարարագրման ժամանակ տնտեսվարողների ծախսերը, իսկ ՓՄՁ-ներին զերծ են պահելու հաշվապահական ծախսերից: «Մաքսային համակարգում նախատեսվող միջոցառումները կոչված են հսկողական գործիքակազմից մաքսային սահմանի բեռնաթափմանը և ուղևորների ազատ տեղաշարժի ապահովմանը»,-նկատել է Վախթանգ Միրումյանը: Նա անդրադարձել է կառավարության այսօրվա նիստում հաստատված նախագծին, որով 2017թ. հուլիսի 1-ից ԱԱՀ-ի գումարները վերադարձվելու են ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին, ովքեր ներդրում են կատարել և չեն հասցրել ամբողջությամբ պակասեցնել մատակարարներին վճարած ԱԱՀ-ի գումարները:
ՊԵԿ նախագահի տեղակալն անփոփել է նաև կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված բարեփոխումների առաջին փուլի արդյունքները: Նա նշել է, որ կոմիտեն հաջողությամբ իրագործել է ինքնազբաղված անձանց համար արտոնյալ պայմանների ստեղծման, օտարերկրյա ֆիզիկական անձանց համար ԱԱՀ-ի վերադարձի կիրառության շրջանակների ընդլայնման ծրագրերը: «Վերանայվել են նաև հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշները՝ հարկային ստուգումների առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով, գործարկվել է մոնիթորինգային կենտրոնը»,-հիշեցրել է Վախթանգ Միրումյանը: Նա տեղեկացրել է, որ կառավարության ծրագրով նախատեսված կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով պարզեցվել է վարչարարության գործընթացն ու անցում կատարվել հաշվետվության էլեկտրոնային համակարգին. «Շեշտն առավելապես դրել ենք մաքսային ընթացակարգերի վրա, քանի որ հարկային հարաբերություններում էլեկտրոյնացման մակարդակը 98% է հասնում»: Այդ նպատակով գործարկվել է մաքսային արժեքի հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, առաջիկայում էլ շրջանառության մեջ է դրվելու մաքսային տարանցման էլեկտրոնային հայտարարագիրը: Իսկ փաստաթղթաշրջանառության մակարդակի բարձրացման շարունակական միջոցառումների արդյունքում կոմիտեին հաջողվել է մոտ 25% բարելավում արձանագրել փաստաթղթերի դուրսգրման գործընթացում, ինչի արդյունքում այս ամիսների ընթացքում շուրջ 720 միլիոն դրամ լրացուցիչ հարկեր են ապահովել պետական բյուջե:
ՊԵԿ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Օրինապահ հարկ վճարողներին տրամադրվող տնտեսական խթանների ընդլայնում, օրինակ՝ արտահանող անձանց ԱԱՀ-ի գերավճարների հետ վերադարձման ավելի կարճ ժամկետների սահմանում, գնումների գործընթացին մասնակցության պայմանների դյուրացում:
- ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգի ներդրում (pre-filing) հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգում, որը շրջանառության հարկի հաշվարկը ՓՄՁ-ներին հասանելի կդարձնի նաև ՀԴՄ-ի միջոցով:
- Մաքսային սահմանին ԱԱՀ-ի կիրառման վերացում՝ ԱԱՀ վճարողների կողմից ՀՀ ներմուծվող մեքենասարքավորումների և հումքի համար:
- Վարչական պատասխանատվության կիրառման ինստիտուտի վերանայում, այդ թվում՝ առաջին անգամ կատարվող հարկային իրավախախտումների համար տուգանքի փոխարինում նախազգուշացմամբ բոլոր այն հարկային իրավախախտումների մասով, որոնց համար հարկային օրենսդրությամբ սահմանված են պատասխանատվության միջոցներ:
- Հարկ վճարողների կողմից տարվա արդյունքներով իր վճարած հարկերի ծախսման ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում էլեկտրոնային եղանակով, եթե հարկ վճարողը դիմել է նման տեղեկատվություն ստանալու համար:
- Մաքսային հսկողության համար «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրում, ինչը նշանակում է, որ մաքսային հսկողությունը սահմանին նվազագույնի է հասցվում, փոխարենը տնտեսավարող սուբյեկտը տեղեկացվում է, որ մաքսային հսկողությունը լինելու է հետբացթողումային փուլում: Այդ նպատակով ներդրվելու է ռիսկերի կառավարման համակարգ:
- Տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ և ներգրավմամբ՝ մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրերի լրացման գործառույթի իրականացում (մաքսային ծառայությունների մատուցում)՝ պահպանելով նաև ինքնահայտարարագրման և մաքսային ներկայացուցիչների միջոցով հայտարարագրման հնարավորությունները:
- Մաքսային իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության վերանայում՝ նվազ կարևորություն ունեցող իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոցների մեղմացում, իսկ կրկնվող խախտումների դեպքում՝ խստացում:
- ՀՀ-ում կատարվող ներդրումներն արագ հետ գնելու և այդ կերպ Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործունեության մասով բոլոր հիմնական միջոցների համար հարկ վճարողների ընտրությամբ ամորտիզացիոն մասհանումների նորմաները սահմանել 1 տարի (ներկայումս հիմնական միջոցների գերակշիռ մասի համար 5-ից 20 տարի է):
- Անվերապահորեն շարունակել ստվերային շրջանառությունների կրճատմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ ներառելով նաև հետևյալ գործիքակազմը.
- Ներդնել հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգեր՝ ռիսկային հարկ վճարողների համար կազմելով «ստվերի անձնագրեր»
- Ներդնել կատարվող գնումների դիմաց անկանխիկ եղանակով վճարումները խրախուսելու մեխանիզմ՝ անկանխիկ եղանակով գործարքների սպասարկման համար բանկերին վճարվող սպասարկման վճարներից որոշակի գումար գնում կատարող անձին վերադարձնելու եղանակով: