Ով կարող է երջանկացնել քեզ
Մի արքա հաճախ էր շրջում թագավորանիստ քաղաքում և նրա հրամանով, ամեն անգամ, երբ իր հպատակներից որևէ մեկը ցանկանում էր խնդրանքով կամ բողոքով անձամբ իրեն դիմել՝ կառքը կանգ էր առնում:
Մի անգամ կառապանը կանգնեցրեց ձիերին, որովհետև մի մուրացկան ողորմության խնդրանքով երկարեց ձեռքը: Նա բարձրաձայն գովաբանում էր արքային և բացականչում.
– Միայն թագավորը կարող է ինձ երջանկություն տալ:
Քիչ այն կողմ մեկ այլ մուրացկան էր նստած և բացականչում էր.
– Միայն Աստված կարող է մարդուն երջանկություն պարգևել:
Իր պալատ վերադառնալով՝ թագավորը հրամայում է մի կլորիկ հաց թխել և մեջը ոսկու մի ձուլակտոր դնել: Հաջորդ օրն իր կառքով այն մուրացկանի մոտ է գնում, ով հույսն իր օգնության վրա էր դրել և հացը նրան է տալիս:
Մի քանի օր անց կրկին այդ նույն փողոցով անցնում է և այդ նույն մուրացիկը նրանից ողորմություն է խնդրում:
Արքան դուրս է գալիս կառքից և հարցնում.
– Ինչո՞ւ ես կրկին այստեղ: Մի՞թե քեզ հաց չտվեցի, որի մեջ ոսկու ձուլակտոր կար:
– Ոչ մի ոսկու մասին չգիտեմ: Հացը շատ ծանր էր և ես կարծեցի, որ այն լավ թխված չէ, ուստի մի քանի մանրադրամով վաճառեցի հարևան մուրացկանին:
Երկրորդ մուրացկանն այնտեղ չէր: Որոշ ժամանակ անց ծառաներն արքային զեկուցեցին, որ նա, հացի միջի ոսկին գտնելով, տուն է գնել, գործերը կարգավորել և առաջին մուրացկանին էլ խորհուրդ տվել, որ միայն Աստծո ողորմածությանն ապավինի:
Ճիշտ է, միշտ և ամեն պահի պետք է ապավինել Աստծու ողորմածությանը և աղոթել այսպես․ «Տեր, ողորմիր քո ծառային, որ մեղավոր է»։
Վերցված է Արարարտյան Հայրապետական Թեմի կայքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի