25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ «Մարտական խաչ»-ի շքանշաններով

Փետրվարի 24-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայկյան 2016» մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա այս միջոցառումը բացահայտում, արժևորում և գնահատում է երիտասարդական ոլորտի լավագույն նախաձեռնությունները, իրենց գործունեությամբ աչքի ընկած կառույցներին և անձանց։ Այս տարի «Հայկյանը» նվիրված էր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։ Ի դեպ, երեկոյի հանդիսավարներից մեկը հենց ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, ով վերջերս է զորացրվել։

«Հայկյան-2016» մրցանակներ են շնորհվել մի շարք անվանակարգերում՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն Երևան քաղաքում», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր», «Լավագույն երիտասարդական հաղորդում», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» և «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»:

Ավանդական անվանակարգերից բացի, շնորհվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հատուկ մրցանակներ են շնորհվել Կոնստանտին Ենկոյանին՝ «Նոբելյան օրեր՝ Երևանում» գիտական միջոցառումը նախաձեռնելու համար, Տիգրան Քոչարյանին՝ 2016 թվականին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում կազմակերպելու և ինտելեկտուալ շարժումը զարգացնելու համար, «ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիր» կազմակերպությանը՝ «Երիտասարդության ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կազմակերպություն» անվանակարգում, Արթուր Ալեքսանյանին՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման և նվիրումի համար, Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և հայկական սպորտի հանրահռչակման համար:

«Հայկյան-2016» հատուկ մրցանակ է շնորհվել նաև 2016 թվականին ՀՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողների։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, իր ողջույնի խոսքում մատնանշելով «Հայկյանի» խորհրդանիշը, նկատել է. «Այս մրցանակաբաշխության՝ «Հայկյանի» լոգոտիպը պատկերում է ուս ուսի տված երեք երիտասարդների։ Դա պատահական չէ ընտրված։ Այն խորհրդանշում է համախմբում, փոխօգնություն, միմյանց զորավիգ լինելու ձգտում։ Միայնակ մարդը գուցե հասնի հաջողությունների, սակայն հեռուն գնալ չի կարող։ Մենք պետք է սատարենք միմյանց։ Ինչպես այստեղ է պատկերված, թև-թիկունք լինենք, ամուր բռունցք։ Այս դեպքում մեր ոտքերն ավելի ամուր կլինեն հողին, մեր ապագան՝ ավելի կանխատեսելի ու կայուն»։ Պարոն Ավագյանը շեշտել է, որ մենք ունենք բազմաթիվ երիտասարդների սխրանքի պատմություններ։ Սխրանքներ նրանք գործում են ամեն օր՝ ինչպես սահմանին՝ հայրենի հողը պաշտպանելիս, այնպես էլ քաղաքացիական կյանքում՝ կրթության, արվեստի, տեղեկատվական տեխնոլոգիաների և բազմաթիվ այլ բնագավառներում։

Հատուկ մրցանակակիր Կոնստանտին Ենկոյանը նշել է, որ Նոբելյան 5 դափնեկիրներին Հայաստան հրավիրելով, նպատակ էին ունեցել ոչ միայն տարբերվել նախկին ԽՍՀՄ երկրներից և առաջինը հյուրընկալել այդքան Նոբելյան մրցանակակիրների, այլև ոգեշնչել մեր երիտասարդներին, ինչի մասին խոսում էր և միջոցառման կարգախոսը՝ «Ոգեշնչի՜ր և ստեղծի՜ր»։ Կ. Ենկոյանը ընդգծել է նաև Հայաստան ժամանած Նոբելյան մրցանակակիրների խոսքը՝ մեր երկրի ամենամեծ գանձը երիտասարդներն են։

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին մրցանակի համար, նշել է, որ միշտ պատրաստ է Հայաստանի պատիվը բարձր պահել։

Տեսաուղերձով ներկաներին է դիմել Հենրիխ Մխիթարյանը։ Նա երիտասարդներին մաղթել է նպատակների իրականացում, ինչը հնարավոր է աշխատասիրության շնորհիվ։ Նա նաև կոչ է արել երիտասարդներին գտնել իրենց երազանքները իրագործելու ճանապարհները, անկախ դժվարություններից և խոչընդոտներից։

«Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, ստացել են «ԱրմԹաբ» հայկական պլանշետներ։

Մրցանակաբաշխության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, կարևորել է ավանդական դարձած այս նախաձեռնությունը և մաղթել հետագա հաջողություններ: «Ուզում եմ բոլորիդ ներկայությամբ շնորհակալություն հայտնել այսօրվա այս գեղեցիկ երեկոյի կազմակերպիչներին նաև այն բանի համար, որ այսօր հնարավորություն ունեմ շփվելու ձեզ հետ, որովհետև այսպիսի շփումները միշտ նոր լիցք, եռանդ են հաղորդում: Եվ ես մշտապես հաճույքով եմ հանդիպում երիտասարդների հետ՝ լինեն նրանք զինվորականներ, գիտնականներ, ուսանողներ, թե մեր կուսակից ընկերները: Սա նաև հնարավորություն է տալիս ճշտելու մեր ուղին, ճշգրտումներ մտցնելու մեր աշխատանքի մեջ: Իհարկե, թախիծով ու նաև հպարտությամբ շնորհավորում եմ հայրենիքի սահմանները պաշտպանելիս քաջի մահով ընկած մեր զինվորականներին ու նրանց ծնողներին: Թախիծով, բնականաբար, որովհետև նրանք չկան, ավելի ճիշտ՝ այս դահլիճում չեն, ու հպարտությամբ, որովհետև մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ունեն արժանապատվություն, պարտքի զգացողություն, ովքեր ունեն հայրենասիրական ջերմ զգացումներ:

Իհարկե, շնորհավորում եմ նաև մյուս մրցանակակիրներին, որոնց պատմությունը հաջողությունների պատմություն է: Եվ ես կարծում եմ, որ այսպիսի միջոցառումները չափազանց կարևոր են, որովհետև մենք պարտավոր ենք ուղղակի առանձնացնել և ուրիշներին ի ցույց դնել մեր լավագույններին՝ այն մարդկանց, ովքեր իրենց աշխատասիրությամբ, իրենց տաղանդի, շնորքի շնորհիվ կարողանում են հասնել հաջողությունների: Ես չեմ հավատում այն խոսքերին, որ հատկապես ծնողներն են սիրում երեխաներին ասել, որ վատ օրինակը վարակիչ է: Այդպես չէ՝ լավ օրինակը շատ ավելի վարակիչ է, և մենք պետք է կարողանանք, անպայման, այս լավ օրինակները դարձնել ուրիշների համար ձգտման առարկա, ձգտման ցուցանիշ: Դրա համար ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում և ուզում եմ մեկ անգամ ևս հրապարակավ հայտարարել, որ բոլոր դժգոհների, բոլոր հոռետեսների այն ասածին, որ Հայաստանն ապագա չունի, պատասխանը ձեր գործունեությունն է, այսօրվա մեր երիտասարդությունն է, նրա ձեռքբերումները»,- ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ երեկոն ուղեկցվում էր մշակութային գեղեցիկ ծրագրով։ Բեմում էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմափողային նվագախումբը։ Ելույթ են ունեցել Շուշան Պետրոսյանը, Հայկոն, Անդրեն, Սոնա Ռուբենյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վահագն Հայրապետյանը և այլք։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ