Պետք է մի փոքր ուղեղներն աշխատեցնեն. Զուրաբյանը` Սամվել Բաբայանին
«Գիտեք, երբ մարդիկ նման բաներ են խոսում, պետք է մի փոքր ուղեղներն աշխատեցնեն: Այստեղ շատ հստակ տրամաբանություն պետք է գործի: Ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ մենք 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում հասանք պատմական հաջողությունների: Մենք հասանք նրան, որ ընտրություններից հետո պետք է հրապարակվեն ստորագրված ցուցակները, 1500 տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, և ընտրական ողջ գործընթացը տեսանկարահանվելու է, և ուղիղ հեռարձակում է լինելու այդ ընտրատեղամասերից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն` անդրադառնալով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից մնացած բոլոր քաղաքական ուժերը իշխանությունների հետ պայմանավորվել են ապագա խորհրդարանում իրենց տոկոսների վերաբերյալ:
Նա հավելեց, որ այս ամենն էականորեն նվազեցրել է ընտրակեղծիքների հնարավորությունները: «Ես կարծում եմ, որ հիմա իշխանությունները մեր ջանքերի արդյունքում մի վիճակում են հայտնվել, որ պետք է մտածեն իրենց ձայների մասին, այլ ոչ թե խորհրդարանում իրենց համար հաճելի ընդդիմությանը տեղ հատկացնելու մասին»,- հավելեց Զուրաբյանը: