Երեկվանից խառնվել են իրար. Վիգեն Սարգսյանը մանրամասնեց
Այսօր փետրվարի 23-ին Կառավարության հերթական նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց որոշման փոփոխության վերաբերյալ նախագիծ, որը վերաբերում էր զինծառայողների ծխախոտը պարենային բավարարման ցանկից հանելուն:
Վիգեն Սարգսյանը ընդգծեց, որ այդ հարցը երեկ բավական մեծ իրարանցում էր առաջացրել հասարակության շրջանում, և ինքը ցանկանում է պարզաբանել:
«Խոսքը վերաբերում է տվյալ դեպքում պայմանագրային զինծառայողներին, որովհետև ժամկետային զինծառայողների ծխախոտի խնդիրը փոխհատուցվել է գումարով դեռ տարիներ առաջ, և ժամկետային զինծառայողները, այսպես, թե այնպես, ծխախոտ չեն ստացել: Իսկ պայմանագրային զինծառայողների համար հաշվարկվել է օրական մեկ տուփ ծխախոտ` մարտական դիրքերում գտնվելու ընթացքում, որը, մեր գնահատմամբ, չի տեղավորվում մեր քաղաքականության տրամաբանության մեջ:
Դրա համար մենք առաջարկեցինք, որ նույն գումարը, որը ծախսվում է ծխախոտի վրա, ավելացվի հավելավճարներին, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք ովքեր ծխում են, կարողանան ընտրել իրենց նախընտրած ծխախոտը կամ այդ գումարն օգտագործեն իրենց հայեցողությամբ: Որևէ այլ բան այս որոշմամբ չի արվում:
Երեկ հետաքրքիր էր հետևել քննարկումներին, որոնցում դա մեկնաբանվում էր որպես զինվորից ծխախոտը խլելու որոշում: Իհարկե, նման բան գոյություն չունի»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Վարչապետը արձագանքեց. «Ես էլ ասում եմ` ինչի եք այդքան երկար-բարակ բացատրում»: