Տիգրանը զոհվեց ու անմահացավ. Հոռոմ գյուղում տոն էր /տեսանյութ/
1992թ. փետրվարի 21-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում բնակվող Պողոսյանների տանը ծնվեց ընտանիքի 2-րդ որդին՝ Տիգրանը:
90-ականների ցուրտ ու մութ տարիներում երեխաներ մեծացնող նրա ծնողները բնականաբար չէին ցանկանում իրենց որդուն տալ պատերազմին, սակայն Տիգրանը դեռ պատանեկան տարիքից հետաքրքրվում էր ռազմական գործով և դրանով էլ զբաղվեց: Դպրոցն ավարտելուն պես, ընդունվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որտեղ սովորելով, արժանացավ լեյտենանտի կոչմանն ու ուղևորվեց Արցախ աշխարհ՝ Մարտակերտի պաշտպանական շրջան:
Իր բարեխիղճ ծառայության համար հաճախ էր արժանանում բարձրագույն սպայական կազմի խրախուսանքներին և շուտով պիտի ավելի բարձր կոչման և պաշտոնի արժանանար, եթե չլիներ 2016-ի ապրիլյան պատերազմը:
2016թ-ի ապրիլի 26-ին, երբ կարծես Ադրբեջանի սանձազերծած և ձախողված կայծակնային պատերազմի ռազմագործողություններն ավարտվել էին, առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցներից մահացու վիրավորում ստացավ և մահացավ նաև Տիգրան Պողոսյանը:
Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
Փետրվարի 21-ին Հոռոմում տոն էր: Ողջ գյուղը հավաքվոլ էր նշելու Տիգրանի 25-ամյակն ու հարգելու նրա վառ հիշատակը:
Պողոսյանների տանն էր նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության պատվիրակությունն ու ՂՊՎ «Դուք մենակ չեք» ծրագրի շնորհիվ, Պետրոսյանների ընտանիքի հետ ընկերացած կուրսանտն ու ազատամարտիկը, ովքեր ծանոթացան ընտանիքի առօրյայի և հուզող հարցերի հետ, ինչից հետո բոլորի հետ միասին ուղևորվեցին Հոռոմ գյուղի ակումբ, որտեղ ողջ գյուղի ինչպես նաև բազմաթիվ այլ վայրերեից ժամանած զինվորականների, ազատամարտիկների և պաշտոնյաների հետ միասին մեկնարկցեցին Տիգրանի հիշատակին նվիրված հանդիսությունը:
Տիգրանի մասին պատմող կարճամետրաժ տեսաֆիլմից հետո, հոռոմցի դպրոցականները հանդես եկան շիրակցիներին հատուկ թատերական բեմադրությամբ և երգ ու պարով: Այնուհետև բեմ բարձրացավ «Ապրելու բանաձև» գրքերի շարքի հեղինակ, հերոսի մայր, Գոհար Մարտիկյանն ով իր գրքի վերջին հատորը նվիրեց դահլիճում գտնվող ապրիլյան պատերազմում զոհվածների ծնողներին:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գնահատանքի խոսքերից հետո, խոսքը տրվեց ՂՊՎ փոխնախագահ Վրեժ Եղիազարյանին, ով ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանի անունից, Տ. Պողոսյանի ծնողներին փոխանցեց, ՂՊՎ սահմանած և Տիգրան Մխիթարի Պողոսյանին հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը:
Ֆոտոշարքը և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի