Զարուհի Փոստանջյանը հեռանում է
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հեռանում է կուսակցությունից: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում կատարելով:
«Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ,
Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից:
Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:
Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:
Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը համաձայն չէր կուսակցության դիրքորոշման հետ` միանալ Օհանյան-Օսկանյան դաշինքին:
Հայտնենք նաև, որ պատգամավորը վաղը ասուլիս է տալու: