Հաց բերողն ու մյուս քաղբանտարկյալները սոսկալի պայմաններում են գտնվում
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը չի հավատում իշխանության պնդումներին, թե ընտրությունները լինելու են արդար ու թափանցիկ: «Իշխող վարչախումը հավաստաիցնում է, որ արդար, թափանցիկ ընտրություններ են լինելու, ինչպես միշտ է հայտարարում: Իիհարկե և Սահմանադրության ընդունման խարդավանքներն ու կեղծիքները բոլորին հայտնի են, և այս վարչախմբին թվում է, թե իրենց հաջողվելու է նվազագույն ակնհայտ կեղծիքներով իր վերարտադրումն ապահովել, և հենց իշխանությունների պահվածքը ու ջղաձգումները ցույց են տալիս, որ իր համար ոչինչ այնքան հեշտ չի, ինչպես իրեն թվում է, և դրա ամենացայտուն ապացույցը այն ճնշումների աճն է, որոնք ի գործ են դրվում և կալանավայրում գտնվող «Սասնա ծռերի» անդամների վրա, և դրսում գտնվողների վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ա. Ենիգոմշյանը հիշեցրեց, որ արդեն 8-րդ օրն է, որ Հաց բերող Արթուր Սարգսյանը հացադուլի մեջ է գտնվում, և եթե նրա հետ մի բան պատահի, պատասխանը տալու է հենց իշխանությունը: Նա նաև տեղեկացրեց, որ վաղը ևս լինելու է ի պաշտպանության Արթուր Սարգսյանի ակցիան: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կալանավորվել է:
Ա. Ենիգոմշյանը փոխանցեց նաև, որ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի պաշտպանին թույլ չեն տվել նրանց հանդիպել: «Նրանք քաղաքական կալանավորներ են, որովհետև բացահայտորեն ասվում է, որ այդ խուզարկություններն արվում են, որ քաղաքական փաստաթղթեր և տեքստեր չփոխանցվեն ներսի և դրսի միջև»:
Դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանն էլ համաձայնելով Ալեք Ենիգոմշյանի հետ` հավելեց, որ ընտրությունների թափանցիկության վերաբերյալ նույն կասկածներն էլ ինքն ունի: «Կասկածում եմ, թե որքանով հնարավոր կլինի մի երկրում, որտեղ չկա ժողովրդավարություն, ընտրությունների ճանապարհով իշխանություն փոխել: Արթուրի ու բոլոր քաղբանտարկյալների վերաբերյալ հայտնի է, որ նրանք սոսկալի պայմաններում են գտնվում, Արթուր Սարգսյանի փաստաբանը ևս չի կարողանում ներս մտնել: Սրանք անընդունելի բաներ են, բայց գիտեք` ինչ, անընդունելի բաներն այնքան շատ են, որ չգիտես՝ որտեղից սկսես, որտեղից վերջացնես»,-եզրափակեց նա: