«Դա կարող է դառնալ իշխանության համար մեծ անակնկալ»
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքը շատ անկանխատեսելի կարող է լինել: «Իհարկե, ստեղծվել են մեխանիզմներ, որոնք շատ հաճախ ապօրինի առավելություն են տալիս այլ ուժերի նկատմամբ, բայց եթե համեմատենք նախկինի հետ, ինքը չունի երաշխավորված հաղթանակ»,-հավելեց նա:
Ըստ Լ. Զուրաբյանի՝ ստեղծվել է մի ընտրական համակարգ, որտեղ գնալու է պայքար փողի ու քաղաքական մտքի, արդարության միջև, և իրենց խնդիրը պետք է լինի այն, որ այս կռվում հաղթի արդարությունն ու գաղափարը: Հարցին, թե ընտրություններում անակնկալներ կարող են արդյոք լինել, նա պատասխանեց. «Եթե ժողովուրդը գնա ու քվեարկի այնպես, ինչպես ուզում է, դա կարող է դառնալ իշխանության համար մեծ անակնկալ:
Իհարկե, ինչ ասես հնարավոր է, կարող է այնպիսի դինամիկ փոփոխություն լինի՝ հասարական մթնոլորտի, քաղաքական իրավիճակի, որ ամեն տեսակի բանակցությունների էլ գնանք, բայց ոչ իշխանության հետ»: