25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացնում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում. հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում, «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում  և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ում. այս երեք ընկերություններն են ապահովում Երևան քաղաքում իրացվող մսի փորձաքննությունները:

Ուժեղացնելով վերահսկողությունը մսի իրացման շղթայի բոլոր օղակներում՝ Ծառայությունը նպատակ ունի կանոնակարգել ամբողջ շուկան և բացառել մսի վաճառքն առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անասնաբուժասանիտարական պատշաճ փորձաքննություն անցնելու:

Ներկայումս ընթացող ստուգումների շրջանակներում՝ արդեն հայտնաբերվել են որոշակի ռիսկեր, մասնավորապես՝ վերը նշված ընկերությունների կողմից կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերում հայտնաբերվել են ՀՀ կառավարության 31 մարտի 2004 թվականի N 426-Ն որոշմամբ հաստատված «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման» և «Մսի, մսամթերքների և հումքի վարակազերծման ու ոչնչացման» մասին կարգերով սահմանված նորմերի էական խախտումներ և  անհամապատասխանություններ:

Ծառայությունը, շարունակելով հսկողությունը մսի շուկայում և նպատակ ունենալով հեռանկարում ամբողջությամբ անցնելու սպանդանոցային մորթի, կրկին շրջայց է կատարել Խորենացի փողոցի հարակից տարածքի մսի վաճառքի տաղավարներում: Իրականացված վերահսկողության արդյունքում ծառայությունը պարզել է, որ տնտեսավարողները, որոնցից որոշները պայմանագրեր ունեն նաև վերը նշված ՍՊԸ-ների հետ, թույլ են տվել մսի իրացման պահանջների խախտումներ: Մասնավորապես՝ Խորենացի 54/2 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Մամե Հասանյանի և Խորենացի 54ա հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Ալիխան Հասանյանի տաղավարների հետնամասում՝ պահեստում, առկա է եղել սահմանված սանիտարհիգիենիկ նորմերին ու պահման պայմաններին չհամապատասխանող մսեղիք՝ համապատասխանաբար 272 կգ և 100 կգ: Ծառայությունը կասեցրել է հայտնաբերված մսի հնարավոր վաճառքը, տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ:

Մինչ այս, Ծառայության նախաձեռնությամբ, մի շարք հանդիպումներ են անցկացվել մսի վաճառքի շղթայի օպերատորների, այդ թվում և՝ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ՝ մորթից մինչև իրացում բոլոր օղակներում առկա խնդիրները վերհանելու և լուծումներ տալու նպատակով: Նրանց խստորեն զգուշացվել  է՝  առանց պատշաճ փորձաքննություն կատարելու չտրամադրել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություն և ապահովել, որ մսեղիքի վրա լինի անասնաբուժական դրոշմակնիքը՝ սահմանված կարգի համապատասխան:

Հիշեցնելով, որ անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման ապահովման պատասխանատվությունը կրում են կենդանիների սպանդից գոյացած մթերք արտադրող, վերամշակող, իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, տնտեսավարողներին հորդորում ենք ձեռնպահ մնալ առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթերի, մասնավորապես՝ փորձաքննության եզրակացության, միս ընդունել-իրացնելուց, այլապես, պետական վերահսկողության շրջանակներում, կկիրառվեն պատասխանատվության խիստ միջոցներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ