«Եթե Օհանյանն ուզում է ապացուցել, որ ընդդիմադիր է, պետք է ճշմարտությունն ասի»
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով` ՀՀԿ-ի համամասնական ցուցակը հերթական խորամանկությունն է: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Պատգամավորն ընդգծեց, որ երկրում ոչինչ չի փոխվել, միայն ցուցակում անուններն են փոխվել, չեն բացահայտվել տարբեր կոռուպցիոն սկանդալները, «մարտի 1»-ը:
Henaran.am-ի հարցին, թե Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է հայտարարել, որ «մարտի 1»-ը պիտի բացահայտվի, և հաշվի առնելով այս հայտարարությունը` նրան ընդդիմադիր համարում է, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Իմ համարել չհամարելուց ոչ մի բան չի փոխվի: Ժողովուրդը համարո՞ւմ է: Ժողովրդին պիտի տաք այդ հարցը: Բայց ասել, որ բանակը չի խառնվում, ինչպե՞ս է դա հնարավոր, բա 0032 հրամանը ա՞մպից է ընկել, որտե՞ղ է գրվել, դրա՞խտում, թե՞ դժոխքում, որտե՞ղ»:
Լ. Զուրաբյանն ընդգծեց, որ եթե Ս. Օհանյանն ուզում է ապացուցել, որ ընդդիմադիր է, ուրեմն, պետք է ճշմարտությունն ասի: «Թող ասի այդ փաստերը ոնց են բացատրվում: Ես չեմ ուզում դատախազի կեցվածք ընդունել ու մեղադրել, հիմա թող մի մարդ, ով եղել է պաշտոնյա այդ ժամանակ, որ ավելի լավ է տիրապետում բազմաթիվ ինֆորմացիաների, թող ասի` ինչ է նշանակում 0032 հրաման: Կան անհերքելի փաստեր բանակի ներգրավվածության մասին, թող բացատրեն այդ փաստերը, ես չպիտի բացատրեմ»: