03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հաջողություն կունենան «Ելքը», «Հայկական վերածնունդը» և «Դաշնակցությունը»

«Հայաստանում քաղաքական դաշտը կայացած չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա՝ կուսակցությունները, դաշինքները ընտրություններով չեն փորձում  պետության և ժողովրդի խնդիրներ լուծել, այլ պայքարում են խորհրդարանում մանդատ ստանալու համար:«ՀՀԿ-ն երբեք չի էլ թաքցրել, որ փորձում է պահպանել իր իշխանությունը: Կարծում եմ՝ գոնե ՀՀԿ-ի համար էական չէր, թե ցուցակներում ովքեր կընդգրկվեն: Նա թե՛ ռեյտինգային, թե՛ համամասնական ցուցակները ձևավորելիս սղության խնդիր չուներ»,- նշեց Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ Դաշնակցությունը Հայաստանի ամենակայացած կուսակցություններից է, բայց երևաց, որ վերջինս խնդիրներ ունի ռեյտինգային և համամասնական ցուցակների հարցում:

Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդին», Իսագուլյանն ասաց, որ Արթուր Բաղդասարյանը միշտ կարողանում է որոշակի հաջողություններ գրանցել իր կուսակցության համար: Ըստ նրա՝ «Հայկական վերածնունդը» երկու տարի է՝ նախապատրաստվում է ընտրություններին և ցուցակների խնդիր չունի:

Դաշինքների մասով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը նշեց, որ միայն «Ելքն» է, որը ձևավորվել է գաղափարական հենքի վրա:

«Հստակ երևում է՝ Ելքում արևմտամետ ուժեր են: Այդ դաշինքը գաղափարի շուրջ է համախմբվել, դրա համար էլ ամեն ինչ արագ ստացվեց այդ ուժի մոտ: Օսկանյան-Օհանյան-Րաֆֆի դաշինքը, ի տարբերություն Ելք-ի, առանց ընդհանրական ծրագրի, տեսլականի կամ ընդհանրապես որևէ խնդրի է ձևավորվել: Այդ դաշինքը, չունենալով ծրագիր, զուտ խորհրդարան մտնելու խնդիրն է դրել, ինչքան էլ ասեն, որ իշխանափոխության են գնում»,- նկատեց նա:

«Ծառուկյան դաշինքի» մասին նա ասաց, որ այն սկզբում հայտարարում էր լայն կոնսոլիդացիայի մասին, սակայն վերջում մնաց բացարձակ մենակ: Նրա կարծիքով՝ «Հայ ազգային կոնգրեսը» և «Ազատ դեմոկրատները» ևս քիչ շանսեր ունեն առաջիկա ընտրություններում: Ըստ նրա՝ այդ կուսակցությունները ռեյտինգային և համամասնական ցուցակներ ձևավորելու լուրջ խնդիր ունեն:

«Այս պարագայում, չեմ կասկածում, որ Հանրապետականը կկարողանա մեծամասնություն ձևավորել: Կարծում եմ՝ հաջողություն կունենան նաև «Հայկական վերածնունդը», Ելք-ը և ՀՅԴ-ն: Մնացած ուժերի համար բավական դժվար է լինելու»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ