Անվտանգության միջոցառումներ՝ ողբերգությունից մեկ օր անց
Այսօր Ալավերդի համայնքի ղեկավար Կարեն Փարեմուզյանն աշխատակազմի պատասխանատու մասնագետների հետ արտահերթ խորհրդակցություն է անցկացրել համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Հիշյալ մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակն արդեն իսկ ազատված են աշխատանքից:
Մանկապարտեզում արտահերթ ստուգումներ իրականացնելու նպատակով համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Մանկապարտեզի գործունեությունը նախնական տեղեկություններով կդադարեցվի մինչև շաբաթվա վերջ:
Խորհրդակցության ընթացքում քաղաքապետը նաև հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատու աշխատակիցներին, մասնավորապես՝ խստացնել մանկապարտեզներում երեխաներին առավոտյան ընդունելու և տուն ճանապարհելու կարգը, զգուշացնել բոլոր տնօրեններին, որպեսզի 9:30-ին բոլոր մանկապարտեզների շենքերի մուտքի դռները փակված լինեն: Ալավերդու 6 մանկապարտեզներից 2-ում դռան մոտ զանգեր են տեղադրված: Կ.Փարեմուզյանը հանձնարարել է երկօրյա ժամկետում մնացած 4 մանկապարտեզներում ևս լուծել զանգերի տեղադրման խնդիրը: Մանկապարտեզներում կշարունակվեն նաև ամենշաբաթյա պարտադիր ստուգումները: Քաղաքապետը հանձնարարել է նաև խիստ հետևողական լինել տնօրենների կողմից ամեն օր ներկայացվող երեխաների թվաքանակին, երեխաներին տրվող սննդի որակին ու չափաբաժնին:
«Ամենափոքր խախտում հայտնաբերվելու դեպքում՝ համապատասխան անձինք կենթարկվեն պատասխանատվության»,-խորհրդակցության ընթացքում ասել է Կ. Փարեմուզյանը:
Անվտանգությունից ելնելով՝ ուսումնասիրության կենթարկվեն նաև մանկապարտեզների շենքերի տարածքներում առկա հենապատերի, ճաղաշարարերի ամրությունն ու առհասարակ շրջակայքի անվտանգությունը:
«Տեղի է ունեցել ողբերգություն, որը բոլորիս պարտադրում է մանկապարտեզների գործունեության հետ կապված առավել խիստ մոտեցում ցուցաբերել»,- եզրափակել է Ալավերդու քաղաքապետը: