Ոչինչ մեզանից պակաս չենք առաջարկել «Ժառանգությանը». Փաշինյան (տեսանյութ)
«Մենք ունեցել ենք տարաձայնություններ, որոնք կապված են եղել համագործակցության փնտրտուքների հետ, դրանք ծագել են, երբ մենք փնտրել ենք համագործակցություն , և այդ ճանապարհին տեսել ենք որոշակի խնդիրներ, ժամանակն ու հանրությունը հարթել են այդ խնդիրները ու հիմա համատեղ հուշագիր ենք ստորագրել, որը, համոզվա՛ծ եղեք, կյանքի կկոչենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ նախկինում ունեցած տարաձայնությունների մասին:
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», որ երեկ միացավ Օսկանյան-Օհանյան դաշինքին, ապա Ն. Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենց դաշինքից «Ժառանգությանը» հրավիրել ենք մաս կազմել նույն պայմաններով, ինչ պայմաններով, որ իրենք են ընդգրկվել: «Ոչինչ մեզանից պակաս չենք առաջարկել «Ժառանգությանը», սակայն նա ընտրեց այլ ճանապարհ, և մենք տեսնում ենք, որ կուսակցության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը (խմբ. Զարուհի Փոստանջյան), եթե ոչ ամենահայտնին այդ որոշումը չի կիսում, և մենք ցավում ենք այդ որոշման համար»: Նա նաև ասաց, որ Հրանտ Բագրատյանի ու Թևան Պողոսյանի հետ են զրույցներ եղել, և հույս հայտնեց, որ Թևան Պողոսյանի հետ բանակցությունները արդյունք կտան: