02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը, որը հանդիսապետել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արարատյան Հայրապետական թեմը ներառող մարզի՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած թվով քսան պարտադիր ժամկետային զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով: Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային լավագույն զինծառայողներից միջոցառմանը ներկա զինվորների խրախուսման հանդիսավոր արարողություն:

Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել տոնի առթիվ:

 

 

***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ

Սրբազա՛ն հայր,

Հարգելի՛ ծնողներ,

Սիրելի՛ զինվորներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Սուրբ Սարգիսը զորավար էր, և այս փաստն արդեն խոսում է նրա նկարագրի մասին: Վաղուց Սուրբ Սարգիսը դարձել է խիզախության, անձնազոհության խորհրդանիշ մեր զինվորների և երիտասարդների համար: Ուստի, ուզում եմ հատկապես շնորհավորել այս դահլիճում գտնվող մեր զինվորներին:

Սիրելի՛ զինվորներ,

Դուք, իհարկե, կադրային զինվորականներ չեք, դուք ժամկետային ծառայության զինվորներ եք, որ այս կյանքում ունեք տարբեր նպատակներ, տարբեր ծրագրեր ու երազանքներ: Ես վստահ եմ, որ այդ երազանքներն իրականանալու են, և այս պահին ձեզ բոլորիդ միավորում է հայկական բանակի զինվորի հագուստն ու ձեր վճռականությունը՝ պաշտպանել մեր հայրենիքը: Վստահ եմ, որ վաղը դուք լինելու եք մեր երկրի նախարարները, դեսպանները, մարզպետները, ձեռներեցները, մշակույթի և սպորտի ականավոր գործիչները և այն ժամանակ էլ դուք նույն վճռականությամբ պաշտպանելու և շենացնելու եք մեր հայրենիքը:

Ուզում եմ, որ դուք համոզված լինեք, սիրելի՛ զինվորներ, մեր ժողովուրդը վստահ է, որ դուք կատարում եք անփոխարինելի գործ: Դուք անում եք այն, ինչ պարտավոր է անել յուրաքանչյուր տղամարդ՝ պաշտպանելով իր ընտանիքը, պաշտպանելով իր հայրենիքը: Եվ դա դուք անում եք արժանապատվությամբ, պատասխանատվությամբ, զինվորական ճշտապահությամբ ու կարգապահությամբ: Այդ կեցվածքի համար, իհարկե, մենք պարտավոր ենք շնորհակալ լինել ձեր ուսուցիչներին ու հրամանատարներին, բայց առաջին հերթին, իհարկե, ձեր ծնողներին, որովհետև ցանկացած մարդու կայացման գործում ընտանիքի դերն անփոխարինելի է: Ուրախ եմ, որ ձեր ծնողներից շատերն այսօր այստեղ ներկա են և, իհարկե, որ նրանք ձեզնով շատ ավելի են հպարտանում:

Դուք ծառայում եք ամենա-ամենա կարևոր հատվածում՝ առաջնագծում: Համոզված եղեք, որ ձեր թիկունքին կանգնած է հինավուրց և ուժեղ մի ազգ, տոկուն և աշխատասեր, մարտունակ մի ժողովուրդ, որ ունի հազարամյակների փորձ և անկոտրում հավատ վաղվա հաղթանակի նկատմամբ: Համոզված եղեք, որ ձեր թիկունքում կանգնած են ամուր պետական կառույցներ, համոզված եղեք, որ այդ կառույցները, մեր ողջ ժողովուրդն անելու են ամեն ինչ, որպեսզի դուք ունենաք անհրաժեշտը մեր սահմանները պաշտպանելու համար:

Այստեղ ներկա են զինվորներ, ովքեր անցյալ տարվա ապրիլին պաշտպանեցին մեր պատիվը, պաշտպանեցին մեր անկախությունը, մեր սահմանների անքակտելիությունը: Ցավոք, շատ արժանիներ այսօր շարքում չեն, բայց նրանք մեզ հետ են, որովհետև նրանք իրենց կյանքի գնով հնարավոր դարձրին այն, ինչ դուք միասին արեցիք և, իհարկե, անմահացան:

Գիտեք, սիրելի՛ զինվորներ, խիզախությունը, քաջությունը ձեզնից անբաժան պետք է լինեն, բայց մեկ անգամ ևս կրկնում եմ, որ դուք պետք է խիզախության, քաջության հետ այնպես անեք, որ ողջ մնաք, որպեսզի մեր ազգը հարատևի, որպեսզի մեր ժողովրդի լավագույն տեսակը ավելանա, շատանա: Այս առումով, դուք միշտ պետք է գիտակցեք՝ ձեզ սպասում են, դուք շատ բան ունեք անելու և դուք պատվով պետք է վերադառնաք:

Արցախյան պատերազմի վետերանները շատ ու շատ բաներ են տեսել 90-ականներին և նրանք ոչ միայն մեր սերունդների կապող օղակն են, այլ նաև վկան այն փաստի, որ այսօրվա զինվորները պակաս ռազմիկներ չեն, քան իրենք էին:

Ես հիշում եմ՝ երեք, թե չորս տարի առաջ, ելույթ ունենալով զորավարժությունից հետո խոնջացած զինվորների առջև, պնդեցի, որ մեր երիտասարդ զինվորներն ու հրամանատարները, եթե դրա անհրաժեշտությունը լինի, շատ ավելի լավ են կռվելու, քան մենք ենք դա արել: Ես, իհարկե, մի կողմից տխուր եմ, որ եղան ռազմական գործողություններ, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ այս պնդումը իրականություն է: Եվ հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ այսօրվա երիտասարդներն այն չեն, ինչ իրենք էին: Ա՛յն են, մի բան էլ ավելին:
Ապրե՛ք, կեցցե՛ք, տղաներ:

Եվ ինչպես անցյալ տարի, հիմա էլ հանձնարարել եմ, որպեսզի ձեզ խրախուսեն տասնօրյա արձակուրդով: Ելնելով Սուրբ Սարգսի տոնի խորհրդից՝ մաղթում եմ, որ այս կարճ ժամանակահատվածը ՝ այս տասն օրը, դուք շրջապատված լինեք ձեր բարեկամների, հարազատների, ընկերների, ինչու չէ, միգուցե, նաև սիրած աղջիկների ջերմությամբ:

Ուզում եմ, որպեսզի դուք նոր ուժ ստանաք, ավյուն ստանաք այս տասն օրերի ընթացքում, վերադառնաք զորքեր, վերադառնաք ձեր պարտականությունների կատարմանը, և թո՛ղ Սուրբ Սարգիսն ապահովի ձեզ բարի ու անփորձանք ծառայություն: Թո՛ղ այսօրվա օրհնանքները և այսօրվա աղոթքները միշտ անպակաս լինեն ձեզնից:

Կեցցե՛ք, մեկ անգամ ևս շնորհակալ եմ ձեր ծնողներին:21515_b

21510_b 21514_b 21511_b 21512_b

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ