25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՍԱՊԾ-ն և PUM-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և «Նիդերլանդների առաջատար փորձագետներ» հիմնադրամի` PUM-ի, Հայաստանի կոորդինատոր Ալբերտ Ուաթերինգսը փետրվարի 10-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ինչը Հայաստանի սննդի շղթայի տնտեսավարողների համար միջազգային փորձն ու գիտելիքները ուսումնասիրելու և գործնականում կիրառելու հնարավորությունների լայն դաշտ է ստեղծում:

Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Իոս Դաուման, ՍԱՊԾ պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, ինչպես նաև ՓԱՄ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Սուրեն Խուդավերդյանը և «Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:

PUM-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն, իր ավելի քան 3.000 կամավոր-փորձագետների կարճաժամկետ խորհրդատվական առաքելությունների միջոցով, աջակցում է գործարարությանը զարգացող երկրներում՝ նպաստելով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը:

ՍԱՊԾ ղեկավարը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի առաջնահերթությունները և, այդ համատեքստում, կարևորել տնտեսավարողներին պետական վերահսկողության շրջանակներում նախևառաջ համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու խորհրդատվությամբ ապահովելու անհրաժեշտությունը: «Այս հուշագրով ամրագրվող համագործակցության հիմնական նպատակն է աջակցել այն տնտեսավարողներին, որոնց մոտ, պետական վերահսկողության իրականացման արդյունքում, հայտնաբերվել են խախտումներ, թերություններ, շեղումներ: Հոլանդացի բարձրակարգ փորձագետների ներգրավումը, նրանց կուտակած երկարատև փորձի, գիտելիքների ու հմտությունների օգտագործումը սննդամթերքի անվտանգության ոլորտում ցանկալի արդյունքի հասնելու լրացուցիչ հնարավորություն է»,- ասել է Իշխան Կարապետյանը: Ծառայության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մասնագիտական կարողությունները զարգացնելու և որակը բարելավելու արդյունքում արտադրված սննդամթերքը ոչ միայն կգոհացնի մեր սպառողներին, այլև կդառնա առավել մրցունակ արտաքին շուկայում:

Պարոն Ուաթերինգսը խոսել է կազմակերպության ծառայություններից օգտվելու ընթացակարգի, ծրագրին դիմող կազմակերպությանը ներկայացվող չափանիշների մասին՝ հավաստիացնելով, որ իրենց կողմից ոչ միայն կբավարարվեն հրավիրվող փորձագետին ներկայացվող պահանջները, այլև երաշխավորեց՝ ակնկալվող արդյունքները կլինեն գոհացուցիչ. այդ մասին են վկայում Հայաստանում հաջողությամբ իրականացված 53 գործարար ծրագրերը: Նա նշել է, որ սննդամթերքի անվտանգությունը հանդիսանում է կազմակերպության հիմնական թիրախներից մեկը և գոհունակություն հայտնել, որ Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է ոչ թե տնտեսավարողներին պատժելու, այլ՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու  սկզբունքով:

Դեսպան Իոս Դաումանը, բարձր գնահատելով Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության այս ձևաչափն ու նոր ոլորտը, ողջունել է որակի միջազգային չափանիշների ներդրմանն ուղղված  քայլերը և ուշագրավ համարել, որ այսօր լրանում է նաև երկու երկրների միջև համագործակցության 25 տարին:

Նկատի ունենալով, որ այս համագործակցության հիմնական թիրախային ուղղությունները լինելու են սննդի և խմիչքի արտադրությունը, կաթնամթերքի վերամշակումը, ձկնաբուծությունը, մեղվաբուծությունը, հողագործությունը,  կենդանական ծագման արտադրանքը, ջերմոցները և այլն՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը նախօրեին կազմակերպել էր հանդիպում PUM-ի հայաստանյան ներկայացուցիչ Սուրեն Խուդավերդյանի և սննդամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների միջև, որի ընթացքում ներկայացվել են մեր երկրում արդեն իսկ արձանագրված դրական արդյունքները, ինչպես նաև՝ հուշագրով ամրագրված համագործակցության հեռանկարները: Մասնավորապես՝ հանդիպման ընթացքում «Էկո Կաթ» ընկերության ներկայացուցիչը գործընկերներին պատմել է այն հաջողությունների մասին, որոնց իրենք հասել են՝ օգտվելով այս ծրագրի միջոցով հրավիրված հոլանդացի փորձագետների խորհուրդներից: Հայաստանյան մի շարք արտադրողներ արդեն իսկ հետաքրքրություն են հայտնել հոլանդացի փորձագետների հետ համագործակցության վերաբերյալ, իսկ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի տնօրեն Լևոն Մնացականյանը հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել այս ծրագրի շրջանակներում աջակցել իրենց շահառուն հանդիսացող հինգ տնտեսավարողների:

Տնտեսավարողներին աջակցելու ծրագրերը լինելու են շարունակական և, վերահսկողական գործողություններին զուգահեռ, Ծառայությունը պարբերաբար կազմակերպելու է տեղեկատվական-խորհրդատվական միջոցառումներ՝ ուղղված սննդամթերքի անվտանգության բնագավառում առավելագույն դրական արդյունքի ապահովմանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ