«Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն որևէ մեկին չի հեռացնում քաղաքականությունից»
«Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն որևէ մեկին չի հեռացնում քաղաքականությունից, այլ պարզապես երևույթին գնահատական է տալիս»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը՝ պատասխանելով հարցին, թե ենթադրելով, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի առջև քաղաքական դուռը փակել էր, արդյոք նա էլ բացել է այդ դուռը նրա առջև: «Այն, ինչ կատարվել է քաղաքական դաշտում, դա իր որոշման հետևանքով է եղել»,-ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը եղել է իր ընկերը, և շարունակում է լինել, և որակումներ տրվել են քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյանին: Հարցին, թե ինչ դեմքով է գնում ՀՀԿ-ն ընտրությունների, և արդյոք կրկին թաղային օլիգարխներ կլինեն ցուցակում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե անցումը նոր ընտրական համակարգին հուշում է, որ կուսակցություններն իրենց ցուցակները կազմեն այն անձերով, ովքեր գիտակցեն՝ ինչի համար են ԱԺ գնում: «Հորդորում եմ քաղաքական ուժերին իրենց համապետական ցուցակում այնպիսի անձերին ներգրավել, ովքեր առավել ևս լինեն քաղաքական անձինք, իսկ ռեյտինգային ցուցակների գնահատականը կտա հանրությունը, հանրությունը պետք է զգոն լինի, իր ձայնը տա այն քաղաքական ուժին, որի հետ կապում են իրենց ապագան»,-շեշտեց նա: