08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ է անեծքը կատարվում

«ՕՐՀՆԵՑԵՔ ԵՎ ՄԻ ԱՆԻԾԵՔ…» (ՀՌՈՄ. 12:14)

Պողոս առաքյալ

ՀԱՅՐ ՊԱՍԻՈՍ ԱԹՈՍԱՑՈՒ «ՑԱՎՈՎ ԵՎ ՍԻՐՈՎ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ» ԳՐՔԻՑ»

Մի մարդ հարցրեց ինձ. «Քառասնօրյա Պահքի շրջանում ինչո՞ւ ենք երգում. «Դու նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տեր, չարիք ավելացրիր երկրի փառավորվածների վրա» (Ես. 26:15): Չէ՞ որ դա անեծք է»: Պատասխանեցի. «Երբ բարբարոսները պատերազմի են գնում որևէ ժողովրդի վրա՝ կամենալով ոչնչացնել այն, և ժողովուրդն աղոթում է, որ չարիք պատահի նրանց, այսինքն, որպեսզի ջարդուխուրդ լինեն նրանց մարտակառքերը, հիվանդանան նրանց ձիերը, որպեսզի ինչ-որ բան խանգարի նրանց, ապա դա լա՞վ է, թե վատ: Սուրբ Գիրքը հենց այդ նկատի ունի, որպեսզի նրանք խոչընդոտի հանդիպեն իրենց ճանապարհին: Դա անեծք չէ»:

– ՀԱՅՐ, ԻՍԿ ԱՆԵԾՔԸ Ե՞ՐԲ ՈՒԺ ՈՒՆԻ:

– Անեծքը միայն այն ժամանակ ուժ ունի, երբ այն անարդարության հետևանքով է առաջ գալիս: Օրինակ, եթե մի կին ծաղրի մեկ այլ կնոջ, ով տառապում է, կամ որևէ չարիք պատճառի նրան և տուժողն անիծի, ապա անարդարացիորեն վարվողի սերունդը կընդհատվի: Այսինքն, եթե ես չարիք եմ պատճառում մեկին և նա անիծում է ինձ, ապա նրա անեծքն ուժ ունի: Աստված թույլ է տալիս, որ անեծքներն ուժ ունենան, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, թույլ է տալիս, որ մի մարդ սպանի մյուսին: Սակայն, եթե անարդարություն չի եղել, ապա անեծքը ետ է վերադառնում նրան, ումից դուրս է եկել:

– ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԾՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ:

– Մեղքերի խոստովանությամբ և ապաշխարությամբ: Ես շատ այդպիսի դեպքեր գիտեմ: Անեծքից տուժած մարդիկ, ովքեր գիտակցել են, որ իրենց անիծել են, որովհետև մեղավոր են եղել ինչ-որ բանում, մեղքերի խոստովանության են գնացել, ապաշխարել են և իրենց բոլոր դժբախտությունները դադարել են: Եթե մեղավորն ասի. «Տեր Աստված, ես այսպիսի և այսպիսի անարդարություն եմ գործել, ներիր ինձ»,- և ցավով ու անկեղծորեն իր մեղքերը հոգևորականին պատմի խոստովանության ժամանակ, ապա Աստված կների նրան, քանի որ Նա Աստված է:

– ԻՍԿ ՊԱՏԻԺԸ ԱՅՆ ՄԱՐԴՈՒՆ Է ՎՐԱ ՀԱՍՆՈՒՄ, ՈՒՄ ՈՂՂՎԱ՞Ծ Է ԱՆԵԾՔԸ, ԹԵ՞ ՆՐԱՆ ԷԼ, ՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ։

– Նա, ում անեծքն ուղղված է, տանջվում է այս կյանքում: Սակայն նա, ումից դուրս է գալիս անեծքը, տանջվում է այս կյանքում և կտանջվի նաև մյուսում, որովհետև եթե չխոստովանի իր մեղքն ու չապաշխարի, ապա այնտեղ կպատժվի Աստծո կողմից, որպես հանցագործ: Դե լավ, ենթադրենք, ինչ-որ մեկն իսկապես նեղացրել է քեզ: Բայց քեզ նեղացնող մարդուն անիծելով՝ կարծես ատրճանակ ես առնում ձեռքդ ու սպանում նրան: Ի՞նչ իրավունքով ես այդպես վարվում: Քեզ նեղացնողն ինչ էլ արած լինի՝ նրան սպանելու իրավունք չունես: Եթե մարդ անիծում է մեկին, ապա դա նշանակում է, որ նրա մեջ չարություն կա: Մարդ անիծում է մեկին, երբ ողջ ուժով ու վրդովմունքով չարիք է ցանկանում նրան:

Եթե մարդ իրավացի է ու անիծում է, ապա դա մեծ զորություն ունի: Հատկապես զորեղ է այրու անեծքը: Հիշում եմ, մի ծեր կին մի ձիուկ ուներ, որին թողնում էր անտառեզրին արածելու, իսկ քանի որ անհանգիստ ձի էր՝ ամուր պարանով կապում էր: Մի անգամ այդ նույն գյուղից երեք հարևանուհի անտառ գնացին՝ փայտ հավաքելու: Նրանցից մեկը հարուստ էր, մյուսը՝ այրի, իսկ երրորդը՝ որբ ու շատ աղքատ: Կապած ձին տեսնելով՝ ասացին. «Եկեք վերցնենք պարանն ու փայտերը կապենք»: Նրանք պարանը երեք մասի բաժանեցին ու ամեն մեկը մի մաս իրեն վերցրեց: Իսկ ձին հեռացավ: Պառավ կինը եկավ, չգտավ ձիուն ու սկսեց վրդովվել:

Սկսեց ամեն տեղ փնտրել ու մի լավ չարչարվեց՝ մինչև գտավ: Վերջապես, երբ գտավ՝ զայրույթով ասած. «Թող այդ պարանով քարշ տան նրան, ով այն վերցրել է»: Որոշ ժամանակ անց այն հարուստ հարևանուհու եղբայրը խաղ էր անում զենքով (որ իտալացիներից հետո էր մնացել), մտածելով, որ այն լիցքավորված չէ: Բայց պարզվեց, որ այն լիցքավորված է, կրակոց լսվեց և փամփուշտն այդ հարուստ կնոջ կոկորդը մտավ:

Պետք էր հիվանդանոց տանել նրան: Որոշեցին փայտե աստիճանին պառկեցրած տանել, պատգարակի պես, և որպեսզի վիրավորը վայր չընկնի անհրաժեշտ էր աստիճանին կապել նրան: Եվ ահա գտան այն գողացված պարանի կտորը, բայց չբավականացրեց: Վազեցին հարևանների տուն, բերեցին մյուս երկու կտորներն էլ, կապեցին խեղճին ու հիվանդանոց տարան:

Այսպիսով իրականացավ պառավ կնոջ անեծքը: Վերջիվերջո խեղճը մահացավ, Աստված հոգին լուսավորի: Տեսեք, թե ում վրա ազդեց անեծքը՝ հարուստի, ով նյութական կարիք չուներ: Մյուս երկու կանայք աղքատ էին և այդ պատճառով էլ իրենց հանցանքը մեղմող հանգամանքներ ունեին:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուրը` surbzoravor.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ