ՔԿ-ն պատասխանել է Սեֆիլյանի խցում «աննախադեպ» խուզարկություններ անցկացնելու վերաբերյալ
Հայաստանի ԱՆ ՔԿՎ-ն պարզաբանում է տարածել՝ կապված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի խցում «աննախադեպ» խուզարկություններ իրականացնելու մասին տեղեկության հետ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն է տարածել Ժիրայր Սէֆիլյանի խցում իբր «աննախադեպ» խուզարկություններ անցկացնելու վերաբերյալ: Հայտարարության մեջ ակնկալվում է նաեւ, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «օր առաջ կվերդարձնի Ժ. Սէֆիլյանից ապօրինաբար առգրավված իրերը»:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ հիշատակված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, եւ Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքի շրջանակում:
Տեղեկացնենք, որ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի համաձայն`աշխատակիցները արգելված իրեր հայտնաբերելու նպատակով իրավունք ունեն կատարել խուզարկություններ, ինչը եւ պարբերաբար արվում է:
Հավելենք նաեւ, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավասու է խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերը կասկած հարուցելու դեպքում ուսումնասիրության նպատակով առգրավել, որոնք արգելված իրերի հատկանիշներ չպարունակելու դեպքում վերադարձվում են»: