«Նախարարություն էլ կա, նախարարություն էլ»
Հատկապես վերջին տարիներին գործադիր իշխանության տարբեր օղակների կողմից կատարված կամ չկատարված աշխատանքներն էլ ավելի տեսանելի են դարձել հանրային վերահսկողության` ԶԼՄ-ների, ՀԿ-ների, փորձագետների մանրադիտակի տակով անցնելու շնորհիվ: Իհարկե ընդհանուր լրահոսում լուրջ վերլուծությունները մեծ տոկոս չեն կազմում, սակայն ի ուրախություն բոլորիս, գրեթե բոլոր նախարարությունների կամ գերատեսչությունների բացթողումների, կառավարման սխալների վերաբերյալ առկա են նման վերլություններ, ինչն էլ հնարավորություն է տալիս համեմատություններ իրականացնել: Այս իմաստով մշտապես առանձնացել և աչքի է ընկել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Այս նախարարությունը մշտապես էականորեն առանձնացել է մյուսներից ինչպես կառավարման, այնպես էլ հանրային ընկալման տեսանկյունից: Նախարարությունն անիմաստ աղմուկ չէր բարձրացնում` չոփը գերան ներկայացնելով, միաժամանակ էլ գործում էր թափանցիկ` երբեք չունենալով փակ համակարգի կարգավիճակ: Նախարարության այս չափված-ձևվածությունը շատերը պայմանավորում էին հենց նախարար Արմեն Երիցյանով: Կյանքից վաղաժամ հեռանալուց հետո էլ թե սոցիալական հարթակում, թե զլմ-ներում, թե առօրյա խոսակցություններում պարզ էր, որ չինովնիկ լինելը բավարար չէ հասարակության դժգոհություն առաջացնելու համար, ինչպես թվում էր: Քաղաքացին ոչ միայն կարող է չատել պաշտոնյային, այլև համակրել: Արմեն Երիցյանն իր աշխատանքով արժանացել էր այդ համակրանքին:
Նոր նախարարի ընտրությունն այս իմաստով բավականին բարդ էր: Նշաձողը դրված էր բավական բարձր, և նոր նախարարի անհատական մակարդակում հանրային ընկալումը կարող էր էական ազդեցություն ունենալ, և իսկապես քիչ էին այն հնարավոր թեկնածուները, որոնք ի սկզբանե խորը հիասթափություն չէին առաջացնի: Հատկապես, որ ունենք այն դառը փորձը, երբ նոր նշանակման հենց հաջորդ օրը բոլորս հասկանում ենք, որ կարձանագրենք հերթական հետընթացը:
Նորանշանակ նախարարն այդ քչերից մեկն է, ով առնվազն հիասթափություն չառաջացրեց, ավելին առաջացրեց նոր սպասումներ, և այսօր սոցիալական ցանցում և ԶԼՄ-ներում դա հստակ արտացոլված է:
Հուսանք սպասելիքները ոչ միայն կարդարարան, այլև կգերազանցեն իրենք իրենց:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը