Հունվարի 1-ից կգործի ռոյալթիների հաշվարկման և վճարման նոր կարգ
Կառավարությունը նախագիծ է ներկայացրել ՀՀ հարկային օրենսգրքում և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին: Օրենսդրական նախաձեռնությունը ուղղված է ՀՀ հարկային նոր օրենսգրքով սահմանված՝ մետաղական օգտակար հանածոների վերամշակման արդյունքում խտանյութերի կամ ձուլվածքի ձևով ստացված վերջնական արտադրանքի իրացման համար սահմանված ռոյալթիների հաշվարկման և վճարման կարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ռոյալթիի հաշվարկման բազայի հիմնական մեթոդի կիրառության հիմքերը վերականգնելուն։
Առաջարկվում է հարկային մարմնի կողմից ռոյալթիի բազայի անուղղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում կիրառել 80% սահմանաչափ: Նախատեսվում է Լոնդոնի մետաղների բորսայից բացի, լրացնել և համանման այլ հեղինակավոր աղբյուրներից օգտվելու հնարավորությունը, քանի որ մի շարք մետաղների (ինչպիսիք են ոսկին ու արժաթը) դեպքում նշված աղբյուրը տվյալներ չի հրապարակում: Նախագծով ՀՀ կառավարությանը որոշակի լիազորություններ է վերապահվում, մասնավորապես՝ վճարվող մետաղների կազմ հաստատելը, դրանց գծով գնորդի կողմից չվճարվող առավելագույն սահամանչափ հաստատելը, վերամշակման, զտման, տրանսպորտային և այլ համանման սահմանաչափեր հաստատելը։ Նշվածները արդիական են լինելու սկսած այն պահից, երբ մետաղների գների բարձրացման արդյունքում կսկսի էական նշանակություն ստանալ հիմնական մեթոդով բազայի որոշումը։
2017-ի համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքի փոփոխություններում այս հատվածը բացակայում է: Սահմանվել է նաև՝ մինչև սույն օրենքի ընդունումը հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով ռոյալթիների վերահաշվարկման դեպքում տույժերից և տուգանքներից ազատումը, անուղղակի եղանակով վերահաշվարկված ռոյալթիների համար հարկային մարմնի ղեկավարին ժամանակացույց սահմանելու իրավասության վերապահումը, նկատի ունենալով օրենքի ուժի մեջ մտնելու հնարավոր ժամկետները՝ 2017թ. հունվարի 1-ից կիրառության կարգավորումը։ Նշենք, որ հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը հայաստանյան արդյունաբերության առաջատար ճյութերից է և արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում զբաղեցնում է ավելի քան 18 տոկոս: Իսկ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման շուրջ 98 տոկոսը կազմում է մետաղական հանքաքարերի արդյունահանումը:
2016 թվականի հանքագործական արտադրանքի ծավալը 2015 թվականի համեմատությամբ աճել է 8.3 տոկոսով, կազմելով 239448292 հազ.դրամ: Նախագծով առաջարկվող կարգավորումներում հաշվի են առնվել ոլորտի տնտեսվարողների կողմից բարձրացրած խնդիրները և խոչնդոտները: Հարկման առավել ճկուն քաղաքականության կիրառումը կխթանի մետաղական հանքագործության ոլորտը: Հաշվի առնելով այն, որ առաջարկվող փոփոխությունները տնտեսվարողների համար մեղմացնող բնույթ են կրում՝ ուժի մեջ կմտնեն և կտարածվեն 2017 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: