Իրենք են իրենց ճակատագիրը որոշել…հեռացվեցին ՀՀԿ խորհրդից (տեսանյութ)
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կարինե Պողոսյանը, Հենրիկ Աբրահամյանը, ինչպես նաև մի քանի այլ քաղաքական գործիչներ, ովքեր դիմում էին գրել՝ ՀՀԿ-ից դուրս գալու համար, հեռացվել են խորհրդի կազմից։ Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ-ից հեռացողների մասին նա ասաց, որ սա բնականոն գործընթաց է: «Յուրաքանչյուր քաղաքացի ազատ է անդամակցել այս կամ այն կուսակցությանը կամ դուրս գալ, յուրաքանչյուր կուսակցություն կենդանի օրգանիզմ է, բայց ինչպես արդեն հայտնել ենք, մեր անդամագրումներն ավելի շատ են, քան հեռացողները»,-նկատեց նա:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ իրենք շնորհակալ են իրենց բոլոր նախկին գործընկերներին, այդ թվում պարոն Հովիկ Աբրահամյանին միասին ծավալած գործունեության ու համատեղ աշխատանքի համար: Սակայն հեռանալու որոշումը իրենք են կայացրել. «Իրենք են իրենց ճակատագիրը որոշել, իրենց խնդիրն է, մենք ունենք մեր ճանապարհն, իրենք ունեն իրենց ճանապարհը»,-շեշտեց Է. Շարմազանովը:
Հարցին, թե ՀՀԿ-ը խնդիրներ կունենա՞ առաջիկա ընտրություններում Արարատի մարզում ձայներ հավաքելու գործում՝ հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը մարզում, նա արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում ձայների խնդիր:
Որևէ մեկն ակնկալո՞ւմ է, որ ՀՀԿ-ն 100 տոկոս ձայն է ակնկալում, կա բազմակարծություն ու բազմակուսակցական համակարգ, սա է քաղաքական մրցակցությունը, և մենք ազատ քաղաքական մրցակցության կողմնակից ենք, անկախ նրանից մեր օպոնենտը նախկին հանրապետական է, նախկին պաշտոնյա, թե ով»:
Է. Շարմազանովն ասաց, որ իրենք նորմալ են վերաբերոմ, որ կլինեն քաղաքացիներ, այդ թվում ազդեցիկ քաղաքացիներ, որ չեն լինի ՀՀԿ-ի աջակիցները:
Մանրամասները՝ տեսանյութերում:
https://www.youtube.com/watch?v=smpSC8S-swg&feature=youtu.be