Առաքել Մովսիսյանն ամենաշատն է խախտել
«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն այսօր ամփոփեց իր հնգամյա գործունեության արդյունքներն, ինչպես նաեւ՝ 5-րդ գումարման ԱԺ գործունեությունը: Անդրադարձ կատարվեց ԱԺ էթիկայի հանձնաժողովին: Հանձնաժողովը նախորդ 4 տարիների ընթացքում 6 անգամ արձանագրել է պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտում:
«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշեց նաեւ, որ հանձնաժողովը 7 անգամ արձանագրել է պատգամավորների էթիկայի կանոնների խախտում, որոնցից 3-ը վերաբերել է ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանին, 2-ը՝ Մհեր Սեդրակյանին, մեկը՝ Սամվել Ալեքսանյանին: Նաեւ՝ մեկ որոշում էլ եղել է ուրիշի փոխարեն քվեարկած 7 պատգամավորի վերաբերյալ՝ արձանագրելով էթիկայի կանոնների խախտում.
«Մեր եզրահանգումներից մեկն այն է, որ հանձնաժողովը դարձել է անարդյունավետ գործիք, որին չեն հավատում ոչ պատգամավորները, ոչ քաղաքացիական հասարակությունը, որին լուրջ չեն վերաբերում՝ սա ամենատխուր միտումն է: Սա դրսեւորվում է այն վիճակագրությամբ, որ մի պատգամավորի նկատմամբ 3 որոշման առկայությունն արդեն դրա՝ ոչ մի հետեւանք, ազդեցություն չունենալու ցուցանիշ են»:
«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանի դիտարկմամբ՝ էթիկայի հանձնաժողովի որոշումները վերը նշված պատգամավորների վրա ազդեցություն չեն ունեցել, ինչը փաստում է էթիկայի հանձնաժողովի նկատմամբ ունեցած արհամարհանքի մասին:
«Նրանք շարունակում են դրսևորել նույն վարքագիծը, որն անհարգալից վերաբերմունք է էթիկայի հանձնաժողովի նկատմամբ: Համակարգը չի կայացել», – ընդգծեց նա: