Մենք Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի կերպարներ չենք. ԱՄՆ դեսպան
«Մենք դրական արդյունքներ տեսել ենք կոռուպցիայի դեմ պայքարում, բայց անելիք դեռ շատ կա: Ուրախալի ու հուսադրող է, որ վարչապետ Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարն իր հրապարակային ելույթներում հիշատակում է որպես գերակա ուղղություն, ու ինձ գոտեպնդում է այն, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ շիտակ խոսում են այն մասին, թե ինչպես է կոռուպցիան անդրադառնում իրենց վրա»,-այսօր գործունեության վերաբերյալ ամփոփիչ ելույթում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
Նա նշեց, որ ոլորտը, որտեղ առաջընթաց են նկատել ու որի համար գովաբանել են ՀՀ կառավարությանը, արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը անդամակցելու հանձնառությունն է:
Վերջին մեկ տարվա ընթացում դեսպանատունը գործակցել է կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ մի շարք հակակոռուպցիոն նախաձեռնությունների շրջանակում: Օրինակ՝ աջակցել են տեղական ԶԼՄ-ների ծրագրերին ուղղված հետաքննող լրագրողական հմտությունների զարգացմանը:
«Կոռուպցիայի ու տնտեսական զարգացման, կոռուպցիայի ու իրավունքի գերակայության միջև կապը միշտ ակնհայտ է եղել, սակայն վերջին շրջանում հաճախակի են դարձել այն խոսակցությունները, որ կոռուպցիան կարող է անդրադառնալ ազգային անվտանգության վրա ու վտանգել այն»:
Դեսպանը նկատեց, որ այժմ քաղաքական բանավեճերում ավելի շատ անդրադարձ է կատարվում այդ մասին, քառօրյա պատերազմի օրերին և հաջորդիվ հանրային բանավեճերում ուրվագծվեց այն քայքայիչ ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում, և հանրության ուշադրությունը բևեռվեց այդ խնդրին: Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարում բովանդակալի առաջընթաց ունենալու համար կառավարությունը պետք է հանդես բերի քաղաքական կամք: «Նա պետք է հստակ ուղերձ հղի վերևից, որ կոռուպցիան այսուհետ չի հանդուրժվելու և որ ոչք ոք օրենքից վեր չէ»,-շեշտեց դեսպանը:
Նա առաջարկեց կառավարությանն ամրապնդել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունները՝ որպես անկախ կառույց: «Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել, եթե պետական պաշտոնյայի հայտարարագրված ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի:
Երկորրդը՝ ամենայն հարգանքով առաջարկում եմ կառավարությանը քննության առնել ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը. մարմին, որը կունենա քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն»,-առաջարկեց նա:
Ռ. Միլզը նշեց, որ քանի որ հակակոռուցպիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել, այս պահի դրությամբ վերջինիս աջակցելու համար նախատեսված միջոցների 2.5 տոկոսից պակասն է փաստացի հատկացված: «Հուսով եմ, որ այս փաստը կփարատի բազմաթիվ մարդկանց այն կասկածները, որ ԱՄՆ ՄԶԳ-ն այս գումարը «պորտֆելի» մեջ դրած ամբողջությամբ հանձնել է խորհրդին: Մենք ԱՄՆ կառավարությունն ենք ներկայացնում, մենք Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի կերպարներ չենք: Մենք վարչապետին հայտնել ենք, որ մենք կարիք ունենք տեսնել առաջընթաց խորհրդի կողմից, և ես տեղյակ եմ, որ նա ուզում է վերականգնել խորհուրդը և վերանայել վերջինիս աշխատանքը»,-ընդգծեց նա: