25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանն ու Վրաստանը պետք է հանդես գան միասնական տուրփաթեթներով

Զբոսաշրջության միջազգային շուկայում Հայաստանն ու Վրաստանը պետք է հանդես գան միասնական տուրփաթեթներով: Այս փաթեթներում կարելի է ներառել նաեւ Իրանը, քանի որ մեկ պետություն այցելությունը զբոսաշրջիկների համար կարող է մեծ հետաքրքրություն չներկայացնել: Սակայն դրան զուգահեռ պետք է զարգացնել ենթակառուցվածքները, ներկայացնել շահավետ եւ հետաքրքիր փաթեթներ, բարելավել ճանապարհների եւ տրանսպորտի վիճակը: Այս մասին հայտարարեցին զբոսաշրջաության ոլորտի Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները:

Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների հետ ավելացնել տուրիստական փոխայցելությունները: Եթե Իրանից Հայաստան այցելությունները տարեցտարի ավելանում են, ապա պատկերն այլ է Վրաստանի պարագայում: Հայաստանից Վրաստան այցելությունների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան Վրաստանից Հայաստան այցելությունները: 2016-ին Վրաստան կատարվել է շուրջ 6,5 մլն այցելություն (զբոսաշրջիկների իրական քանակը կազմում է շուրջ 2,5 մլն մարդ), որոնցից 1,5 մլն-ը եղել են ՀՀ քաղաքացի, նշեց Վրաստանի զբոսաշրջության ազգային դեպարտամենտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Թոռնիկե Զիրաքիշվիլին:

Ընդհանրապես նախորդ 2016թ ընթացքում թե՛ Հայաստանում եւ թե՛ Վրաստանում տուրիզմի ոլորտում որոշակի առաջխաղացում է գրանցվել: Վրաստանում 2016թ.-ին զբոսաշրջիկների թվի ռեկորդային աճ է արձանագրվել, որտեղ ուղեւորությունների քանակով Հայաստանը առաջին եռյակում է: Հայաստանից Վրաստան ուղեւորությունները ակտիվացել են նաեւ ձմռան ամիսներին: Այսպես միայն դեկտեմբեր ամսին Հայաստանից Վրաստան այցելությունների քանակը եղել է 165000, ինչը մոտ 15 հազարով ավել էր քան 2015թ. դեկտեմբերին:

ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1.259.657 զբոսաշրջիկ: 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով: 2016թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով ՀՀ-ից մեկնել է 1.262.687 մարդ: 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 6.3%-ով: 2016-ի հունվար-սեպտեմբերին Վրաստան այցելած օտարերկրացիների մեծ մասը եղել է հարևան երկրներից: Ցանկը գլխավորում է Ադրբեջանը 1,17 մլն այցելուով: Երկրորդ տեղում ՀՀ քաղաքացիներն են` ավելի քան 1 մլն, հաջորդը Թուրքիան է` 977.075:

Վրաստանում տուրիզմն անցած տարվա ընթացքում աճել է մոտ 3%-ով, իսկ ոլորտի զարգացմանն էապես նպաստել են ԵՄ, ԱՄՆ եւ այլ երկրների հետ հեշտացված վիզային ռեժիմները, տեղեկացրեց Թոռնիկե Զիրաքիշվիլին՝ միեւնույն ժամանակ ընդունելով, որ հիմնական տուրիստական այցելությունները Վրաստան կատարվում են տարածաշրջանի երկրներից՝ Հայաստան, Թուրքիա  եւ Ադրբեջան:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ հունվարի 31-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում»-ում Թոռնիկե Զիրաքիշվիլի (տեսազանգի միջոցով Թբիլիսիից), Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանի եւ նույն միության անդամ Լարիսա Մկոյանի մասնակցությամբ անցկացրեց քննարկում՝ «Զբոսաշրջության ինդուստրիայի զարգացման տենդեցները Հարավային կովկասում» թեմայով: Քննարկմանը հրավիրված էր նաեւ ներկայացուցիչ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեից, սակայն գերատեսչությունը կառուցվածքային փոփոխությունների պատճառով չկարողացավ ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը:

Հայաստանում առաջարկում են համատեղ զարգացել տուրիստական ինդուստրիան Հարավային Կովկասում՝ ներառելով Հայաստան-Վրաստան համատեղ տուրփաթեթնրի մեջ նաեւ Իրանը: «Վրաստանի հետ մրցակիցներ չենք, պետք է միասնական տուրփաթեթներով աշխատենք, որովհետեւ առանձին մի երկիրը հնարավոր է՝ հետաքրքիր չէ զբոսաշրջիկի համար»,- ասաց Կարինե Դավոյանը՝ հավելելով, որ Հայաստանը մեծ հնարավորություն ունի զբոսաշրջության ոլորտում, եւ բացի պատմամշակութային զբոսաշրջությունից, կարող է առաջարկել խոհանոցային, լեռնագնացության, ագրո եւ էկոտուրիզմ փաթեթներ: «Վրաստանում շատ են այն էթնիկ հայերը, որոնք երբեւէ չեն այցելել Հայաստան, ուստի կարելի է այս սեգմենտի վրա աշխատել եւ կազմակերպել էթնիկ տուրեր», – հավելեց նա:

«Հայաստանն ու Վրաստանը շատ ընդհանրություններ ունեն: Երկու երկրներն էլ կարող են հպարտանալ իրենց պատմամշակութային ժառանգությամբ: Մենք մրցակիցներ չենք, եւ պետք է համագործակցենք արդյունքի հասնելու համար»,- ասել է նա: Կարինե Դավոյանի խոսքով` Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն ավելանում է մշակութային վայրերի շուրջ ենթակառուցվածքների զարգացմանը զուգընթաց` այս համատեքստում կարեւորելով Տաթեւի ճոպանուղու դերը:

Անհրաժեշտ է օգտագործել նաեւ Իրանի հնարավորությունը, եւ Իրան-Հայաստան-Վրաստան փաթեթներ առաջարկել, ասաց Նույն միության ներկայացուցիչ Լարիսա Մկոյանը: Նրա խոսքով, Հայաստանին տուրիզմի զարգացման համար բացի ենթակառուցվածքների, փաթեթների համամատաբար բարձր գներից, խոչընդոտում են երկրի գովազդի համար սուղ միջոցները:

«Հայաստանը պետք է լավ գովազդել միջազգային շուկայում, ընդ որում, հարկավոր է պետական աջակցություն, որպեսզի մասնավոր ընկերությունները կարողանան միջազգային ցուցահանդեսներին մասնակցել. «Ես մի ցուցահանդեսում էի Ռուսաստանում, եւ անգամ տարիքով մարդիկ, որոնք կարծես թե պիտի իմանային Հայաստանը խորհրդային տարիներից, ասացին՝ ձեր երկիրը չի երեւում շուկայում», – ասաց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաեւ բարձրացնել եւ հեշտացնել երկրի ավիացիոն հասանելիությունը:

«Կարելի է կիրառել վրացական փորձը, օրինակ՝ Վրաստանի Քութայիսի օդանավակայնի գործարկումը մեծ դեր ունեցավ տուրիզմի զարգացման հարցում: Մենք առաջարկել ենք Իսպահան-Գյումրի թռիչքներ իրականացնել: Գյումրիի օդնավակայանում պետք չէ սահմանափակվել միայն «Պոբեդա» ավիաընկերության մուտքով: Անհրաժեշտ է այս ուղղությունը զարգացնել», – ասաց Մկոյանը:

Եթե Հայաստանը տուրիզմի ոլորտի զարգացման վրա բյուջերից ծախսում է մի քանի հարյուր հազար դոլար, ապա Վրաստանում այդ թիվը կազմում է շուրջ 10 միլիոն դոլար, ինչը եւ այնուհետեւ հետ է գալիս երկրի զբոսաշրջիկների այցելությունների եւ կատարած ծախսերի տեսքով: «Վրաստանի պետբյուջեից 10 միլիոն դոլարից ավելի գումար է ներդրվում զբոսաշրջության զարգացմանը: Այդ գումարը ծախսվում է գովազդի, մարկետինգի, ցուցահանդեսներին ներկայանալու եւ այլնի վրա: Այդ գումարն ավելի մեծ ծավալով հետ է գալիս, քանի որ զբոսաշրջությունից տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է մտնում Վրաստան», – եզրափակեց նա:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Մեդիա կենտրոն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ